Մեր գյուղի միակ գորգագործարանը մեր դպրոցից հեռու էր հարյուր քայլ։ Ես սիրում էի հեռավորությունները քայլերով չափել։ Մեր ընկուզենուց մինչեւ դպրոց վեց հարյուր քայլ էր հեռու: Նշանակում է՝ գործարանն էլ հեռու էր յոթ հարյուր քայլ։
Գործարանում ձեռագործ, նուրբ գորգեր ու կարպետներ էին ստեղծվում։ Այստեղ աշխատում էին շուրջ երկու տասնյակ տարբեր տարիքի վարպետ կանայք։
Գործարանի մաքրության պատասխանատուն իմ տատն էր։ Նրան Նինա աքա էին ասում։ Ես տատիս այդ գործը վերցրել էի իմ վրա, ու ինքս էի ամեն աշխատանքային օրվա վերջում գնում մաքրում գործարանը։ Դասերից հետո, բանվորուհիների համար երկու անգամ ջուր էի տանում։ Մի անգամ սառը ջուր, որ զովանան, մի անգամ էլ տանում, թողնում էի, որ առավոտյան գային, թեյի համար ջուր ունենային։ Սառը ջուրը տանելուց արագ էի քայլում, որ չտաքանար։ Երկրորդ անգամ, ավելի հանգիստ էի տանում։ Ջրամանը ձեռքիս անցնելուց, կանգնում էի մի ցանկապատի մոտ ու նայում, թե ինչպես էր ձիու մեջքը քորում, հայվաններին կերակրում, խնամում։ Ինքը դեպի ինձ չէր նայում։ Մազերն աչքերի մեջ, կիսատ ժպիտը դեմքին իր գործն էր անում «օտար»-ը։ Ես նրա մասին մտածելով հասնում էի գործարան։ Մտածում էի, որովհետեւ հարցերս շատ էին։
Գործարանը երկու հարկ ուներ։ Առաջին հարկն ադմինիստրացիան էր, եւ պահեստը։ Երկրորդ հարկում միայն մի ընդարձակ սենյակ կար, որտեղ երկու շարքով հարմարեցված էին հինած դազգահները, բրդյա գունավոր թելերի փնջեր էլ վերեւից կախ։ Ես մի փոքր շուտ էի գնում, որ նայեմ գորգագործ կանանց աշխատանքին, թե ինչպես էին նրանք մատներով աճպարարի շարժումներ անում, ու նախշեր դուրս բերում։ Տեսնելով իմ հիացմունքը՝ ինձ նստեցնում էին իրենց կողքը, փորձում սովորեցնել գործելը, ասելով՝ «Արա ինձ համար, սովորիր քեզ համար»։ Ինձ էդպես էլ չհաջողվեց սովորել։
Սպասում էի, մինչեւ վերջին բանվորուհին դուրս էր գալիս, ավլում էի դազգահների տակը։ Ամեն դազգահի մոտ կանգնում էի, նայում ստեղծվող հրաշքին՝ հայկական ձեռագործ գորգին, ու մտքով գնում շա՛տ հեռու։ Թելերի փոշին գեղեցիկ էր։ Գունավոր գնդակ էր դառնում, որին խոզանակի ծայրով գլորելով էի տանում։
Ու այսպես ամեն օր. սառը ջուր, նորից ջուր, ցանկապատ…
Մի օր էլ սառը ջուրը տանելուց տեսա ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենա։ Մոտեցա, «Կարմիր Խաչի» ավտոմեքենան էր։ Կողքը կանգնածը կոկիկ հագնված, մազերը աչքերից բարձր սանրած, ճակատը բաց մեկն էր։ Ժպիտ չկար դեմքին։ Աչքերը չէր բարձրացնում, ասես ամաչում էր, բայց գլուխը թեքեց ու արցունքները մաքրեց։ Մեկը նրան մի բան ասաց, նա նստեց եւ մեքենան շարժվեց։
Ես էլ գնացի։
Ասում են. այն ընտանիքն այդպես էլ չգտավ ռազմաճակատում անհայտ կորած իրենց զավակին, ու ինչ-որ ժամանակ անցնելուց հետո, «Կարմիր Խաչը» եկել, «օտար»-ին հետ՝ իր երկիրն է տարել։
Մեկ կամ երկու տարի անց, գորգագործարանը փակվեց։ Շենքը վերանորոգվեց, տեղում մանկապարտեզ բացվեց։
Սառը ջուր, ցանկապատ, հինած դազգահներ, հայկական ձեռագործ գորգեր, գունավոր փոշու գնդակ…
ԱՍԹԻՆԵ ՔԱԼԱՇՅԱՆ
Արցախ, Մեծ Թաղեր
Լուսանկարները՝ հեղինակի:
«Առավոտ» օրաթերթ
10.09.2024