ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում։
Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործընկերության պատմության մեջ ևս մեկ կարևոր քայլ կատարեցին՝ ստորագրելով Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը: Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները:
Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը: Այն արտահայտում է մեր հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին դառնալ առավել ներառական, ժողովրդավարական և տնտեսապես կայուն երկիր։
«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», – ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Կարդացեք նաև
Համագործակցության համաձայնագրի այսօրվա ստորագրումը երկարատև համագործակցության ևս մեկ արդյունք է։ 1992 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։ Այս նոր համաձայնագիրը նախորդների հաջողության արդյունքն է, որոնք միտված են եղել ստեղծել մրցունակ մասնավոր հատված, ինչպես նաև բարելավել կառավարումն ու առողջապահական ծառայությունները։
ԱՄՆ ՄԶԳ-ն իր աջակցությունը կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:
«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը», – ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է շարունակել Հայաստանի հետ գործընկերությունը՝ կարևոր խնդիրների լուծման և զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով:
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան