Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ունեք Կարեն Դուրգարյան, մենք` Վյաչեսլավ Ստարոդուբցեւ…»

Սեպտեմբեր 11,2024 12:30

Հարցազրույց Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ Վիկտոր Դիտենգիրի հետ

– Հարգարժան Վիկտոր, արդեն մեկ տարի Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում է Ձեր թատրոնի գլխավոր ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցեւի կողմից իրականացրած Պուչինիի «Տուրանդոտը»: Օրերս հերթական ներկայացումն էր, որտեղ Դուք հանդես եկաք Պանգի դերերգով՝ խաղընկեր ունենալով նաեւ օպերային դիվա Մարիա Գուլեգինային…

– Ուրախ եմ այս առիթի համար: Վերջապես իմ ստեղծագործական շուրջ 20 տարիների ընթացքում բեմում էի համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինայի հետ: Թեեւ հեռակա ծանոթ էի հայկական վոկալ դպրոցի 1-2 ներկայացուցիչների արվեստին, բայց ինձ համար հայտնություն էին ձեր երգիչները, այդ թվում՝ Հովհաննես Այվազյանը (Կալաֆի դերերգով), Լուսինե Մակարյանը (Լիու)… Կներեք, մյուսների անուններն այս պահին չեմ կարող մտաբերել: Նրանք, իսկապես, աստղեր են: Նշեմ երգչախմբի, նվագախմբի ներկայացումը վարող դիրիժորի` Հարություն Արզումանյանի բարձրարվեստ մեկնաբանությունների փաստը: «Տուրանդոտում» Նովոսիբիրսկում ստացվել է այնպես, որ մի քանի տարի է, ինչ միակ Պանգն եմ: Այս օպերայում հանդես եմ եկել նաեւ մի հրաշք դիրիժորի` մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ով սպասված երաժիշտ է մեր թատրոնում, եւ ոչ միայն: «Տուրանդոտը» 2016թ. ռեժիսոր Ստարոդուբցեւի առաջին աշխատանքն էր մեզ մոտ: Գիտեմ, որ ձեզ կհետաքրքրի մեր «Տուրանդոտի» ռեժիսուրան, բայց արվեստում կտրականապես դեմ եմ համեմատություններ անցկացնելուն, միայն կասեմ, թե Նովոսիբիրսկում, թե Երեւանում Պուչինիի երաժշտության ծանր, տտիպ բույրերը գործում են հիպնոսի պես եւ այս վիճակում հեշտությամբ կարող ես ընկնել հեքիաթային սյուժեի միստիկ որոգայթները: Եվ այս ամենը չէր լինի առանց լիբրետոյին համապատասխան փայլուն աշխատանքի, նկատի ունեմ նաեւ բեմանկարչությունն ու զգեստների դիզայնը, որոնց հեղինակը դիզայներ Պյոտր Օկունեւն է, ով նաեւ մեր թատրոնի «Տուրանդոտի» նկարիչն է: Այս ներկայացման ստեղծման համար, մեծ հաշվով, եւ ոչ միայն, մեր ու ձեր բախտը բերել է. Դուք ունեք Կարեն Դուրգարյան, մենք` Վյաչեսլավ Ստարոդուբցեւ: Կամ այլ կերպ ասած` Նովոսիբիրսկի եւ Երեւանի օպերային թատրոնների բախտը բերել է (ժպտում է Ս.Դ.):

– Հիմա կխնդրենք ներկայացնել ինքներդ Ձեզ, ինչը որեւէ մեկը չի կարող անել ավելի լավ, քան Դուք: Մանավանդ սա Ձեր առաջին հյուրախաղն է Հայաստանում:

– Ազգությամբ գերմանացի եմ: Մասնագիտական ուսումնառության առաջին հաստատությունը Տոմսկի երաժշտական քոլեջն էր, որն ավարտելուց հետո շարունակել եմ այն Նովոսիբիրսկի Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայում: 2009թ., 4-րդ կուրսից հրավիրվեցի թատրոն: Հանդես եկա Կայի դերերգով Սերգեյ Բանեւիչի «Կայի եւ Հերդայի պատմությունը» ներկայացման մեջ, ըստ Անդերսենի հայտնի հեքիաթի: Ի դեպ, Ստարոդուբցեւը մեծ ուշադրություն է դարձնում մանկական օպերայի ստեղծմանը: Այսօր թատրոնի հարուստ խաղացանկում մոտ 10 մանկական գործեր են՝ մեկը մյուսից գրավիչ, ինչը պարտադիր պայման է: Չէ՞ որ դրանք ուղղված են մանուկներին եւ երեխաների ճաշակը ձեւավորվում է հենց այդ տարիքից: Ինչ վերաբերում է իմ զբաղվածությանը թատրոնում, դա բավական խիտ է: Մեր խաղացանկում են բազմաթիվ ներկայացումներ` «Իշխան Իգոր», «Եվգենի Օնեգին», «Բոհեմ», «Իոլանտա» եւ այլն, նաեւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: Հաճախ հանդես եմ գալիս վոկալ-կամերային երաժշտության համերգներով նույնպես: Կինս` դաշնակահարուհի Պոլինա Տոնչուկը եւ ես դասավանդում ենք կոնսերվատորիայում, մեծացնում մեր 6-ամյա դստերը: Երեւի այսքանը:

– Տեղեկացված ենք, որ Դուք նաեւ երաժշտագետ եք:

– Արվեստագիտության թեկնածու եմ: Պաշտպանածս թեզը Նովոսիբիրսկի օպերային արվեստի մասին է: Այդ աշխատության մեջ տեղ է գտել նաեւ մեր թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնում գործունեություն ծավալած հայ անվանի ռեժիսոր, լուսահոգի Վահագն Բագրատունու անունը: Գիտեմ, որ Երեւանի օպերային թատրոնը 92-ամյա է: Նովոսիբիրսկի թատրոնն էլ կարող էր համարյա տարեկիցը լիներ ձեր թատրոնին, բայց խանգարեց Մեծ հայրենականը: Ընդ որում՝ դեռ 1930-ականների վերջին էր պատրաստ թատրոնի շենքը, 1941թ. սկսվեց պատերազմը: Օֆիցիալ բացումը 1945-ին կայացավ: Չայկովսկու «Իոլանտա» օպերային ներկայացումով:

Վերջում ես կխնդրեմ իմ երաշխիքի խոսքերը մեկ անգամ եւս փոխանցել ձեր թատրոնի տնօրինությանը, ներկայացումը սպասարկող անձնակազմին, եւ իհարկե, բառի իսկական իմաստով՝ պրոֆեսիոնալ հանդիսատեսին:

Զրույցը՝

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30