Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացօթյա ներկայացում՝ գումարած շնչավոր դեկորներ ու ծանոթ դեմքեր

Սեպտեմբեր 11,2024 14:00

Բյուրականի Հանդ Art մշակութային այգին որոշ օրերի թատերասրահ է դառնում

Բյուրականի Հանդ Art այգում ներկայացումների, պոեզիայի երեկոների, ջազ, ռոք, հեղինակային երաժշտության համերգների կազմակերպումը հրաշալի մտահղացում է եւ մշակույթի ապակենտրոնացման  լավագույն օրինակ: Գերծանրաբեռնված Երեւանում նույն օրը միաժամանակ մի քանի միջոցառումների անցկացումը բոլոր առումներով «խփում» է հենց կազմակերպիչներին, որովհետեւ ունկնդիրը, հանդիսատեսը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարողանա դրանք վայելել: Իսկ բնության գրկում՝ տվյալ պարագայում Հանդ Art այգում  հաճելի է բացօթյա ներկայացում դիտելը կամ համերգ ունկնդրելը, որովհետեւ ջերմիկ միջավայրը հանդիսատես-դերասան էներգետիկայի փոխանցման հրաշալի հնարավորություն է ստեղծում: Կա՞ ավելի հրաշալի բան, քան իրական գյուղում գյուղ եւ գյուղացի խաղալը, որտեղ իրական ձայներ են՝ անտառի, մարդկանց, ընտանի կենդանիների: Այս ներկայացման բոլոր դեկորները շնչավոր են, իսկական:

Եվ բնավ զարմանալի չէ, որ այստեղ կայացող ցանկացած միջոցառման տոմսերը շատ արագ սպառվում են:

Վերջերս հնարավորություն ունեցա Հանդ Art-ում դիտելու Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության  հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը, որի բեմադրությունը եւ սցենարը Տիգրան Գյուլումյանինն են: Բեմադրության մեջ զբաղված են Մկրտիչ Արզումանյանը, Արծրուն Հարությունյանը, Տիգրան Գյուլումյանը, Աստղիկ Աբաջյանը, Կարին Ծատուրյանը եւ Արուս Գրիգորյանը: Ներկայացումը շատ արդիական է, երկու հարեւանների վեճ՝ ցանկապատի տեղադրման ու մեկ մետր ավելի հող ունենալու համար, նուրբ հումոր, կրկնվող պատմություն, հայի բախտ, աշխարհաքաղաքական զարգացումներ, վտանգված հայրենիք:

Հերոսներից՝ Թեւոսին ու Մինասին կարելի է հանդիպել ամենուր, բոլորիս ծանոթների շրջանում: Ցանկապատի համար ներկայացման հերոսների վեճը հին է: Սկզբում նրանց հայրերն են վիճել, հետո վեճն անցել է որդիներին: Հարեւաններից յուրաքանչյուրը գտնում է, որ ծուռ հատվածը պետք է ուղղվի հարեւանի հաշվին: Ու այդպես ամեն տարի գարնանը ցանկապատը նորոգելիս նորոգվում է նաեւ հարեւանների վեճը:

Ասել, թե գլուխգործոց էր այս ներկայացումը, ճիշտ չի լինի, բայց նաեւ արդար չի լինի չխոսել ստեղծագործական կազմի մեծ ջանքի, նվիրումի, հանդիսատեսի սերը կաթիլ առ կաթիլ ամբարելու մասին: Ներկայացման մեջ կային նաեւ բավականին ստացված կտորներ:

Հանդիսատեսը միատարր չէր՝ տարբեր ճաշակի ու տարիքի մարդիկ էին, անգամ նորածին երեխաներին գրկած կանայք ու ծեր մարդիկ կային: «Ցանկապատի» ավարտին բուռն ծափահարություններ հնչեցին, այն էլ հոտնկայս: Դերասանները հայտնեցին, որ իրենց հոգեւոր շահույթը գոյանում է հանդիսատեսի սիրուց, իսկ նյութականը՝ տոմսերի վաճառքից, քանի որ հովանավորներ չունեն: Ամեն դեպքում, համոզված ենք, որ այս ներկայացումից հետո կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ընթերցել կամ վերընթերցել Ստեփան Զորյանի «Ցանկապատը», այլ ներկայացումներ  դիտել այլ թատրոններում, ավելի հաճախ գնալ մշակութային միջոցառումների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
10.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30