«Ի սեր Աստծո», թողեք մեզ` մեր թշնամիների հետ
Ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երեւանը օգոստոսի սկզբին հաստատեց՝ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը: Սակայն Բաքվում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից դեռ առաջ ռուսական պետական TACC գործակալությունը ազդարարեց, որ քննարկման օրակարգում է նաեւ տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022թթ. համաձայնագրերի վրա։
Բաքվում Պուտինի գտնվելու օրն արդեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուղիղ տեքստով Երեւանին մեղադրեց Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ: «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը եւ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», – ասաց Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա պնդեց, թե եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը, բայց որեւէ բառ չասաց եռակողմ փաստաթղթերի մյուս բոլոր կետերը պահպանելու կամ չպահպանելու մասին։
Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը Լավրովի կողմից վերոնշյալ գնահատականը հրապարակվեց ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում: Ասել է թե` Մոսկվան ընդգծում է իր ակնկալիքները` Երեւանից ու միաժամանակ ցույց տալիս, թե իբր` ում մեղքով է Պուտինի գրած եռակողմ փաստաթուղթը արհամարհվում:
Կարդացեք նաև
Մինչդեռ, արդեն իսկ պարզ է, որ Մոսկվայի ու Բաքվի կողմից ոտնահարված 2020թ. եռակողմ հայտարարության իմաստը, փաստացի, նրանց համար, իրականում, այդ մեկ` 9-րդ կետն է եղել ի սկզբանե, որի իրագործումը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռյակն ակնկալում է Հայաստանից:
Օրերս էլ Լավրովը դժկամությամբ, որոշակի հեգնանքով նկատեց, թե «եթե Երեւանը ցանկանում է ուղիղ պայմանավորվել Բաքվի հետ՝ ի սեր Աստծո…»:
Այս անգամ էլ նա նշեց. «Ճիշտ նույն կերպ մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրեր նույնպես առկախված են։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային կապերի վերսկսումը եւ նշեցի նաեւ եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով եւ այն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երեւանը համարում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա ի սեր Աստծո», – նշեց Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։
Այնուհետեւ Լավրովը հավելեց, թե պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություն անցկացնի այդ գործընթացի մասնակիցների միջեւ, սակայն դա տեղի չի ունենում։ «Ոչ, չեն ուզում, եւ միաժամանակ ձգտում են անընդհատ Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին ներգրավել, որպեսզի նրանց հովանավորության տակ վերցվի ցանկացած գործընթաց։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել պետք է նախ եւ առաջ ադրբեջանցի հարեւանների հետ։ Այլ ճանապարհ չկա», – ասել է Սերգեյ Լավրովը։
Այդ օրն էլ Լավրովը կրկին պնդեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունում, իբր` «սեւով սպիտակի վրա» գրված է, որ` «Հայաստանը պետք է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանին կապող երթուղին վերականգնի՝ ե՛ւ ավտոմոբիլային, ե՛ւ երկաթուղային, ու այդ երթուղին պետք է վերականգնվի ՌԴ սահմանապահ ուժերի անվտանգությամբ»։
(դիտել` 56:00-59:16 րոպեները)
Բայց խնդիրն այն է, որ «երթուղին պետք է վերականգնվի ՌԴ սահմանապահ ուժերի անվտանգությամբ» ձեւակերպում Լավրովի նշած փաստաթղթում գոյություն չունի: Լավրովը հմուտ դիվանագետ է եւ վստահաբար նա չի մոռացել Պուտինի գրած փաստաթղթի ձեւակերպումներն ու բառերը: Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ նա դիտավորյալ կեղծում է գրեթե 4 տարի առաջ ստորագրված փաստաթղթի բովանդակությունը:
Մեջբերենք փաստաթղթի 9-րդ կետը` ռուսերենով. «Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России».
Այսպես, «անվտանգություն» բառ գոյություն ունի 9-րդ կետում, սակայն դրանից բխում է, որ ընդհակառակը` Հայաստանն է ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթն իրականացնելու:
Իսկ Լավրովի նշածը վերաբերում է այս հատվածին` «Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России», հետեւաբար, ռուսական կողմը այս կետով պետք է իրականացնի` «հսկողություն»:
«Անվտանգություն» եւ «հսկողություն» բառերը ունեն բավական տարբեր իմաստներ եւ դժվար թե հմուտ դիվանագետ Լավրովն այդ նրբությունը չի գիտակցում։
Ավելին, այդ «հսկողությունն» էլ վերաբերում է ոչ թե ճանապարհներին, այլ` հաղորդակցությանը` «сообщения», սրանք էլ իրենց հերթին ամբողջությամբ տարբեր իրավունքներ են։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին պատասխանեց Լավրովի կեղծիքին` զերծ մնալով նրա անունը նշելուց: Կառավարությունում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը: Նա ասաց. «Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային ընդ որում, կարելի է բացել եւ կարդալ: Այնտեղ ընդհակառակը՝ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»:
Այնուհետեւ, նա հավելեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլո՛ր կոմունիկացիաները բացելու մասին է. «Եվ այստեղ կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլեւ վնասակար են: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակային եւ պաշտոնապես ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, եւ եթե որեւէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք է բացատրի, թե ինչու է դեմ»:
Ինչո՞ւ է ստում Լավրովը: Իրեն գերտերություն համարող պետության արտաքին գերատեսչության ղեկավարը կարո՞ղ է իրեն թույլ տալ հրապարակավ նման կեղծիք ներկայացնել ու մոլորեցնել հանրությանն` իրենց իսկ մշակած փաստաթղթի կետերը խեղաթյուրելով:
Կամ ընդհանրապես` ո՞ւմ են փորձում մոլորեցնել: Բաքվի ակնկալիքները բավարարելու ձգտումն արդեն այնքան է մեծացել, որ իրենց իսկ ընդունած հայտարարության պահանջների բովանդակությունն են կեղծո՞ւմ:
Մնում է միայն ռուսական կողմին լավրովաբար էլ պատասխանել` «ի սեր Աստծո», թողեք մեզ` մեր թշնամիների հետ…
Առանց այն էլ` Հայաստանը հեշտ վիճակում չէ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.09.2024