Փոքրամասնության առաքելությունն է «զանգվածային մարդու» տիրապետության պայմաններում արժեքներ պահպանելը
Ինչ է ինձնից եւ այլ հեղինակներից ակնկալում հայաստանյան հասարակությունը: Եթե իտալացի սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոյի «80/20» սկզբունքը կիրառենք, ապա հայաստանցիների 80 տոկոսը «քաղաքական խրամատներում» է, իսկ 20 տոկոսը հակված է մտածելու: Այդ՝ խրամատներում գտնվող 80 տոկոսն իր հերթին բաժանվում է 80/20: Ըստ այդմ, «քաղաքականացված» զանգվածի 80 տոկոսը ցանկանում է, որ ես գրեմ «ճիշտը». «Վա՜խ, Նիկոլի ցավը տանեմ՝ իմաստուն է: Թեքվում է Արեւմուտք՝ իմաստուն է, հետ է թեքվում Ռուսաստան՝ իմաստունների իմաստունն է: Գուցե ինչ-որ թեթեւ թերություններ ունի, բայց «զատո» էս ժողովրդին ազատեց ղարաբաղցիներից»: «Քաղաքականացվածների» 20 տոկոսը նույնպես ուզում է, որ ես «ճիշտը» գրեմ. «Էդ նեռը, էդ դավաճանը, էդ հողատուն…»: Բնականաբար, իմ հիմնական լսարանը մտածող 20 տոկոսն է:
Այդպես է միշտ, ամենուր եւ բոլոր հարցերում: Այս կամ այն հողի վրա «շեղված» (տվյալ օրինակում ստանդարտ, կարծրատիպային «քաղաքականության» վրա սեւեռված) մասը կազմում է ճնշող մեծամասնություն եւ «շեղված» է համարում փոքրամասնությանը: Երբեք եւ ոչ մի տեղ մտածող մարդիկ «կայուն» մեծամասնություն չեն կազմում, եւ նրանց գործառույթը հենց փոքրամասնություն լինելն է:
Հին Կտակարանում Եղիա մարգարեն, տեսնելով, որ իր ժողովուրդը շեղվել է Աստծուց, ընկել է մեղքերի մեջ եւ երկրպագում է Բահաղին, փախչում է Եգիպտոսի անապատ, իսկ այնուհետեւ Քորեբ (Սինա) լեռան մոտ, եւ սկսում է տրտնջալ, որ մենակ ի՛նքն է նորմալ մարդ մնացել: Բայց Աստված Եղիային ասում է, որ նա մենակ չէ. «Ինձ համար Իսրայելում թողնելու եմ յոթ հազար հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որոնք չծնրադրեցին Բահաղին, եւ բոլորն էլ իրենց բերանով չհամբուրեցին նրան» (Գ Թագավորների, 19.18): Եթե հաշվի առնենք, որ Երուսաղեմի բնակչությունն այն ժամանակ մի քանի տասնյակ հազար էր, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ «մնացած» 7 հազարը դարձյալ փոքրամասնություն էր, որը խիստ տարբերվում էր հիմնական զանգվածից եւ ամբոխից:
Կարդացեք նաև
Ո՞րն է հապա այդ փոքրամասնության առաքելությունը: Հաստատ «բեկում մտցնելը չէ»՝ պատմության «բեկումները» լինում են որոշակի X պահերի, բազմաթիվ գործոնների համադրությամբ: Իսկ «7 հազար մնացածը» պետք է պահպանեն արժեքներն ու սկզբունքները, հնարավորինս տարածեն դրանք՝ մի կողմից, նպաստելով, որ «բեկումը» գա, մյուս կողմից՝ նկատի ունենալով, որ պահպանվածը պետք կլինի նաեւ բեկումից հետո: «Կարմիր» դիցաբանության մեջ այդ կերպարը նույնպես կա: «Ամեն գնով պահպանել թեկուզ եւ փոքր, բայց ամուր ու կազմակերպված մարտական միավորները, որպեսզի հետագայում…», – սիրում է կրկնել Ֆադեեւի «Ջախջախում» վեպի հերոսը, եւ այդ «հետագայում»-ից հետո մշտապես բազմակետեր են դրված:
Մեր աչքի առաջ եղել էր «բեկում»` 1988-ին, երբ «զանգվածի մարդը» (եթե օգտագործենք Օրտեգա-ի-Գասետի եզրը) ժամանակավորապես սկսեց մտածել: Դրան նպաստել էր «մնացած 7 հազարի» տասնամյակների աշխատանքը՝ քաղաքական համակարգի կողմից ընդունված եւ մերժված մարդկանց ջանքերը՝ արժեքների, մշակույթի, արժանապատվության պահպանման ուղղությամբ: Իրադարձությունները նաեւ այնպես համընկան, որ Շարժման գլխին հայտնվեցին այդ՝ վերը նկարագրված փոքրամասնության ներկայացուցիչները: Ի հակադրություն այն ժամանակվա՝ Փաշինյանը մեծամասնության վառ արտահայտված ներկայացուցիչն է:
Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451» վեպում այդ նույն «7 հազար մնացածները» նրանք են, ովքեր գրքերն այրելու համընդհանուր մոլուցքի ժամանակ («զանգվածային մարդու» հաղթականի փոխաբերությունն է) կազմում են մի խումբ, որն անգիր էր անում արժեքավոր գրական երկերից հատվածներ, որպեսզի մշակույթը փոխանցվի հաջորդ սերունդներին: Հատկանշական է, թե ինչ է հիշում վեպի գլխավոր հերոս Գայ Մոնթեգը. Աստվածաշնչից «Ժողովող» (Ecclesiastes) գիրքը, որը սկսվում է «ունայնություն ունայնությանց» արտահայտությունից, ինչպես նաեւ «Հայտնությունը», որտեղ նկարագրվում է աշխարհի վերջը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2024