«Ամերիկայի ձայն». Սեպտեմբերի 4-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ևս 30 քաղբանտարկյալի ազատ արձակման մասին, ինչը երրորդ նման համաներումն է նախորդ երեք ամսվա ընթացքում։
Ազատ արձակվածների անունները չեն հրապարակվում, սակայն ակնհայտ է, որ Բելառուսում ամենից հայտնի քաղբանտարկյալը՝ ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան, ազատ արձակվածների թվում չէ։ Սվետլանա Տիխանովսկայայի և Վերոնիկա Ցեպկալոյի հետ միասին նա կանանց այն եռյակում էր, որը երկրում փոփոխությունների կատարելու միասնական արշավ էր նախաձեռնել ընդդեմ Լուկաշենկոյի ռեժիմի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ։
Այդուհանդերձ, Կոլեսնիկովայի քույրը՝ Տանյա Խոմիչը հուսով է, որ վերջին ներումները ազդակ են աշխարհին, թե Լուկաշենկոն, հնարավոր է, պատրաստ է սակարկել այլ քաղբանտարկյալների ազատության համար՝ ինչ-որ զիջումների դիմաց։
Խոմիչը նաև կարծում է, թե մոտ 30 տարի Բելառուսի իշխանության ղեկը պահող Լուկաշենկոն, գուցե, մտածում է սեփական ապագայի մասին և կարող է ականջալուր լինել քաղբանտարկյալներին ազատ արձակելու արևմտյան երկրների կոչերին:
Կարդացեք նաև
«Լուկաշենկոն չի ցանկանում, որ իր մասին մոռանան, երբ Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատվի։ Նա նաև չի ցանկանում, որ Բելառուսը լիովին կուլ գնա Ռուսաստանին»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Խոմիչը։
Կոլեսնիկովայի գործի հետ կապված իրավիճակը գնալով ավելի է սրվում, քանի որ նա և Բելառուսի առավել հայտնի քաղբանտարկյալները գրեթե 600 օր պահվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի։
Հարազատների ներկայացմամբ՝ Կոլեսնիկովան, ինչպես նաև Տիխանովսկայայի ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին, 2022 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին և այլոք, զրկված են նամակագրության, փաստաբանների այցերի և հեռախոսազանգերի հնարավորությունից։
Սակայն, այնուամենայնիվ, բանտից հնարավոր է լինում որոշակի տեղեկություններ ստանալ, և ըստ Խոմիչին հասած վերջին լուրերի՝ 1,7 մետր հասակ ունեցող Կոլեսնիկովան այժմ կշռում է 45 կիլոգրամից էլ պակաս, և պարզ չէ՝ արդյո՞ք նա ողջ դուրս կգա ճաղերի հետևից։
«Միայն պատկերացրեք, 21-րդ դարն է, մենք գտնվում ենք Եվրոպայի կենտրոնում, և մարդը սովամահ է լինում։ Մարիային պահում են առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Խնդրում եմ, մի թողեք, որ նա սովից մեռնի»,- ասել է Խոմիչը։
Կոլեսնիկովան, որի առողջական վիճակը բանտում կտրուկ վատացել է ստամոքսի թափածակված խոցի պատճառով, հատուկ սննդակարգի կարիք ունի, և այն, նրա քրոջ խոսքով, չի ապահովվում։
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ավագ խորհրդական Ֆրանակ Վյաչորկան նույնպես հրատապ է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը։
Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկված 30 անձինք դատապարտված են եղել կարճաժամկետ ազատազրկման և պատասխանատվության են ենթարկվել ավելի թեթև «իրավախախտումների» համար, ինչպիսիք են սոցիալական ցանցերում ռեժիմի դեմ գրառումները մեկնաբանելը կամ այդ գրառումները հավանելը։ Չնայած, բնականաբար, ուրախ է յուրաքանչյուր ազատ արձակվածի համար, սակայն նրա կարծիքով՝ ներումը դեռ չի նշանակում, որ Լուկաշենկոն մեղմացնում է իր դիրքորոշումը, այլ ընդամենը փորձում է բարելավել իր իմիջը։
«Պետական քարոզչությունը այդ քայլը ներկայացնում է որպես մեծ մարդասիրական ժեստ վարչակարգի կողմից։ Սա Լուկաշենկոյի քայլն է հաջորդ տարի, այսպես կոչված, ընտրություններից առաջ՝ ցույց տալու, թե որքան մարդկային է նա և որ հոգ է տանում մարդկանց մասին, քանզ նույնիսկ իր աջակիցներն են դժգոհ դաժան բռնաճնշումներից»,- ասել է Վյաչորկան։
Ըստ Վյաչորկայի՝ 30 քաղբանտարկյալներին ներում շնորհելու Լուկաշենկոյի որոշումը պայմանավորված եղել միջազգային դիվանագիտական ճնշմամբ, սակայն ներքին հասարակական կարծիքը ևս իր դերն է խաղացել։ Ընդգծում է՝ ներվածները լիովին «ազատ» չեն լինի, այլ բանտից դուրս գալուց հետո կգտնվեն հատուկ ծառայությունների հսկողության ներքո, իսկ ոմանց, հնարավոր է, կարգելվի լքել երկիրը։
«Նրանց մեծ մասը ստիպված է եղել ներման խնդրագիր ներկայացնել Լուկաշենկոյին և խոստովանել այն հանցագործությունները, որոնք իրենք երբեք չեն կատարել։ Սա, նույնպես, մարդկանց նվաստացնելու ձև է, բայց նաև հրաշալի բնութագրում է Լուկաշենկոյին։ Նա ցանկանում է, որ մարդիկ ճանաչեն իր իշխանությունը։ Նրանց նվաստացնել և ստիպել ճանաչել իր իշխանությունը»,- ասել է Վյաչորկան։
Չնայած ներումներին, Վյաչորկան ընդգծում է, որ Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերջին շրջանում վատացել է, ազատազրկման ժամկետները ավելացել են՝ հասնելով 10-15 տարվա։ Քաղբանտարկյալներին ստիպում են դեղին կրծքանշաններ կրել, որպեսզի մյուս բանտարկյալներն իմանան, որ պատահական հանդիպման դեպքում չխոսեն նրանց հետ։
«Նրանք ցանկանում են էմոցիոնալ առումով կոտրել այդ մարդկանց»,- ասել է Տանյա Խոմիչը՝ նշելով, որ իր բանտարկված քույրը գտնվում է կա՛մ մենախցում, կա՛մ պատժախցում, որոնք փոքր, գարշահոտ սենյակներ են՝ հատակին անցքի ձևով կառուցված զուգարաններով։ Խոմիչի խոսքով՝ հիմնական տարբերությունն այն է, որ մենախցում Մարիա Կոլեսնիկովան կարող է օգտագործել իր ատամի խոզանակն ու օճառը, մինչդեռ պատժախցում որևէ անձնական իր չի թույլատրվում։
Ինտենսիվ բռնաճնշումների և բելառուսական ՊԱԿ-ի կողմից առցանց հաղորդակցությունների մանրակրկիտ վերահսկողության պայմաններում՝ երկրում ընդդիմադիր գործունեությունն այժմ իրականացվում է համացանցից դուրս՝ օֆլայն՝ ասում է Վյաչորկան։
«Մարդիկ հանդիպում են մասնավոր բնակարաններում, տարածում են սամիզդատ», ասել է նա՝ նկատի ունենալով ընդհատակում հրատարակվող նյութերը, ինչպես խորհրդային ժամանակներում էր։ «Կան նաև շատ կիբեռպարտիզաններ։ Բելառուսում լավ հաքերների պակաս չկա»։
Ըստ Վյաչորկայի՝ այդ կիբեռպարտիզաններից շատերը պետական ծառայողներ են, որոնք գաղտնի օգնում են ընդդիմությանը՝ արևմտյան երկրներին տեղեկություններ տրամադրելով այն մասին, թե Բելառուսում ինչի և ում դեմ պետք է պատժամիջոցներ սահմանել։ Կան նաև խմբեր, որոնք փորձում են օգնել ուկրաինացիներին և Բելառուսը հնարավորինս զերծ պահել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից։
Այդուհանդերձ, վտարանդի ընդդիմությունը շարունակում է հորդորել Բելառուսում գտնվող մարդկանց որևէ բացահայտ քաղաքական գործունեություն չծավալել նման իրավիճակում, երբ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը։
«Չպետք է մարդկանց զոհաբերենք, քանի դեռ հստակություն չկա։ Լուկաշենկոն սխալներ է թույլ տալիս։ Մենք ուզում ենք պատրաստ լինել, երբ ժամանակը գա։ Ներկա պահին [ռեժիմի կողմից] ահաբեկումները ուղղակի սոսկալի են»,- ասել է Վյաչորկան։
Թեև Լուկաշենկոյի ռեժիմը կարողացել է առժամանակ լռեցնել Մարիա Կոլեսնիկովային և ընդդիմության մյուս ակտիվիստներին՝ նրանց բանտարկելով, բայց բելառուս ժողովուրդը չի մոռացել նրանց՝ վստահ է Վյաչորկան։
Կարևորելով քաղաքականության մեջ կանանց դերը՝ Ֆրանակ Վյաչորկան հավելել է. «Տեսնում եմ, թե ինչ են խոսում կանանց իշխանության մասին։ Առնական երևելու Լուկաշենկոյի պահելաձևին հակադրում ենք մեր կին առաջնորդների նկատմամբ առկա համակրանքը, և, ահա, թե որն է մեր շարժման շարունակականության գրավականը»։