Եթե ՔՊ-ականներին հարցնես, ապա 2018-2023 թվականներին Արցախի հարցում ամեն ինչ հոյակապ էր, այդ հայկական պետությունը եւ դրա բնակիչները ոչ մի խնդիր չունեին ու փթթում-բարգավաճում էին Փաշինյանի թիմի հմուտ ղեկավարությամբ: Եվ հանկարծ մի տարի առաջ իշխանության եկավ չարամիտ Սամվել Շահրամանյանը եւ, կամ ռուսական լրտես կամ «5-րդ շարասյուն» լինելու պատճառով, որոշել էր լուծարել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Իրադարձությունների այդ ֆանտաստիկ վարկածը ՔՊ-ականները ներկայացնում են առանց կարմրելու՝ այդ պատումն արդեն կարելի է ներառել պատմության դասագրքերում:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավատում է այդ ցինիկ, անմարդկային (120 հազար արցախցիներին նվաստացնող) ստին, պատրաստ է այդ սուտը կրկնել ու դրա համար կռիվ տալ: Ողբերգությունը, հետեւաբար, այն չէ, որ քաղաքական գործիչները սուտ են խոսում՝ դա նրանց «մասնագիտության» առանձնահատկությունն է: Ողբերգություն է, երբ հիմնական զանգվածին հաջողվում է «կերցնել» այդ սուտը: Երկխոսություն տաքսիում, «Նիկոլը ժողովրդի մասին մտածող մարդ է, նա թույլ չի տա, որ թուրքը գա մեր երկիր»: «Բայց թուրքն արդեն եկել է մեր երկիր՝ Ջերմուկում եւ այլ տեղերում»: «Ես Երեւանի մասին եմ խոսում»:
Պետք է օբյեկտիվորեն գնահատել Փաշինյանի գործունեությունը եւ նրան արժանին մատուցել՝ նա շատ լավ հասկացել է, թե ինչ է ուզում հայաստանցիների մեծամասնությունը՝ իսկապես ուզում է, ոչ թե կրկնում է բարձր ամբիոններից կամ կենացների ժամանակ: Եվ այդ նվիրական ձգտումները վարչապետը վերջերս հստակ ձեւակերպել է հրաշալի բանաձեւում՝ «այստե՛ղ հաց եւ այստե՛ղ կաց»:
Ամեն մի ժամանակաշրջան ունի իր միֆը՝ այդ բառի չեզոք, «ոչ գնահատողական» իմաստով: 1998-2018 թվականներին այդ միֆը, պայմանականորեն ասած, «Բաքվում չայ խմելն» էր: 2018-2020 թվականներին այն, որոշակի մոդիֆիկացիաներով, պահպանվել էր: 2020-ից հետո այդ միֆը, հասկանալի պատճառներով, վերացավ եւ ձեւավորվեց մի նոր միֆ՝ որի բովանդակությունը «օտ ի դո բթվելն» է: Ինչն է խանգարում այդ նոր «ազգային երազանքի» իրականացմանը: «Նախկինները», ռուսները եւ ղարաբաղցիները:
Կարդացեք նաև
Եվ ահա կարող ենք արձանագրել, որ այդ նոր միֆը, որ ձեւակերպել է ՀՀ վարչապետը, 100 տոկոսով ռեզոնանսի մեջ է մտել «ժողովրդի» (այսինքն՝ քաղաքացիների մեծամասնության) տրամադրության հետ: Դրանում է ներկա իշխանության «շռնդալից հաջողության» գաղտնիքը:
…Վերջերս ընկերներիցս մեկն ինձ զանգահարել էր եւ առաջարկել էր մտածել հետեւյալ հարցի շուրջ՝ ինչու 2018 թվականից հետո մենք հայտնվեցինք ավելի մեծ (եթե կոռեկտ բառ օգտագործենք) փորձանքի մեջ, քան այն փորձանքը, որի մեջ գտնվում էինք մինչ այդ: Կարծում եմ, նախորդ շարադրանքը մոտեցնում է մեզ այդ հարցի պատասխանին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ժողովրդին մեղադրել քաղաքական անդաստիարակության մեջ՝ նույնն է երեխային մեղադրել անդաստիարակության մեջ, անդաստիարակության մեղավորները ոչ ժողովուրդն է եւ ոչ էլ երեխան, անդաստաիարակության մեղավորներն են երեխայի ծնողներն ու ժողովրդի ազնվականությունը:
Բոլոր ժողովուրդների քաղաքական սպառողների տրամաբանությունը նույնն է՝ նախագահն իր ժողովրդին հո վատը չի ցանկանա, հուսով ենք: Քաղաքական սպառողը նայում է պաշտոնին, ավելի ճիշտ աթոռին, ավելի ճիշտ գահին, այդ գահին թե կապիկ էլ նստի թե ճանճ կամ թեկուզ դատարկ լինի, ժողովրդի իշխանամետ կամ գահամետ սերուցքը միեւնույնն է ընտրելու է գահն ու գահի պարունակությունը:
Ամոթ մեր ազնվականությանը՝ մեր ժողովրդին չդաստիարակելու կամ վատ դաստիարակելու համար: Չգիտեմ, ես ազնվական եմ թե չէ, բայց այդ ամոթն իմ անչափ սիրելի ժողովրդի առաջ ես զգում եմ:
Մեր ազնվականությանը գնդակահարել են սկզբում հայոց եղեռնի շրջանակներում,այնուհետև ,30-37 թ-ին’ Զանգվի ձորում։