Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը. Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 10,2024 23:25

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները

Հարց․ Հարցս վերաբերում է տարածաշրջանային մասնատվածության վերակազմավորումը հասկանալուն։ Հայաստանը շատ կառուցողական դեր է խաղացել՝ փորձելով ստեղծել տարածաշրջանային կայունության հիմքերը։ Եվ, իհարկե, դրա շատ կարևոր մասը տարածաշրջանային խաղաղության հասնելն է։ Իսկ դա նշանակում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։ Մենք հասկանում ենք, թե ինչ է ուզում Հայաստանը, բայց այն, ինչ երբեմն տեսանելի է, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է՝ դանդաղեցնելու կամ խոչընդոտներ ստեղծելու տարածաշրջանային կայունության համար։ Ձեր տեսանկյունից, ԱԳ նախարար, ինչպե՞ս եք պատկերացնում, թե իրականում ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ինչի՞ն կարելի է հասնել իրականում։ Հիմա ի՞նչ ենք ուզում և իրականում ինչի՞ն կարելի է հասնել։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Հարգելի՛ ներկաներ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն հարցի համար։ Ավելի վաղ այսօր Հայաստանի վարչապետն անդրադարձավ այս հարցին, սակայն, կրկին անդրադառնալով այս հարցերին, ես կցանկանայի նշել, որ Հարավային Կովկասը նման է աշխարհի շատ տարածաշրջանների և տարածքների։ Մենք այստեղ երկար պատմություն ունենք մեր հարևանների հետ, և ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ եղել են ժամանակներ, երբ մենք համագործակցել ենք, ինչպես նաև հետաքրքիր ենք եղել մնացած աշխարհի համար և կարևոր դերակատար ենք եղել համաշխարհային քաղաքականության մեջ, մենք բոլորս միասին, Հարավային Կովկասը կարևոր խաչմերուկ է եղել առևտրային ուղիների համար և այլն։

Բայց նաև եղել են ժամանակներ, երբ մենք պատերազմել ենք, և դուք գիտեք, որ այս տարածաշրջանը, ինչպես հավանաբար աշխարհի շատ այլ տարածաշրջաններ, չափազանց շատ արյուն է տեսել: Մենք հիմա իրական հնարավորություն ունենք, մենք՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, իրական հնարավորություն ունենք փակելու թշնամության էջը այս տարածաշրջանում և բացելու կայունության և խաղաղության դարաշրջան։ Ես կարծում եմ, որ սա շահավետ կլինի բոլորիս համար։ Դրանից կշահենք ոչ միայն մենք երեքս, այլ նաև մեր հարևանները, ավելի մեծ տարածաշրջանը և բոլոր խաղացողներն ու ազգերը ամբողջ աշխարհում: Մենք իսկապես խաչմերուկի վրա ենք և պետք է ընտրություն կատարենք։ Մենք՝ Հայաստանում, որոշել ենք և ընտրել ենք խաղաղության օրակարգը, քանի որ հավատում ենք խաղաղության օգուտներին, բայց ինչպես յուրաքանչյուրը կարող է ենթադրել, որ դա շատ նման է պարելու։ Ես իսկապես սիրում եմ կրկնել սա. դու չես կարող մենակ պարել, քեզ պետք է, որ մյուս զուգընկերը պատրաստակամ լինի քեզ հետ պարելու: Այսպիսով, սա ընտրություն է, որը պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, նաև Վրաստանը, և Ադրբեջանը։

Բարեբախտաբար, մենք ուրախ ենք, Վրաստանի հետ շատ լավ և եղբայրական հարաբերություններ ունենալու համար, բայց նաև սպասում ենք խաղաղության և կայունության հաստատմանը նաև Ադրբեջանի հետ։ Սա իրատեսակա՞ն է։ Ես կարծում եմ՝ այո։ Մենք մեր աչքի առջև ունենք օրինակներ։ Իմ հարգարժան գործընկերը՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը հավանաբար կարող է վստահեցնել, որ Եվրոպայում նրանք նույնպես ունեցել են դժվար հարևաններ, բարդ հակամարտություններ։ Նրանք նաև բավականաչափ արյուն են տեսել և բավականաչափ ուժեղ են եղել, որ փոխեն ուղղությունը կոնկրետ այդ տարածաշրջանում, և մենք բոլորս, նստած այս դահլիճում, տեսնում ենք, որ այդ որոշումը բարգավաճում է բերել Եվրոպային։

Ի՞նչ կարելի էր անել իրատեսորեն: Մենք արդեն տեսնում ենք որոշակի շոշափելի քայլեր, տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը սկսվել է։ Մենք տեսնում ենք, որ քննարկվում է բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը և բացումը։ Մենք տեսնում ենք, որ գոնե մեր կողմից կա շատ կառուցողական երկխոսություն խաղաղության պայմանագրի վերաբերյալ և բոլորս գիտենք, որ սա այս հարցի ևս մեկ հետաքրքիր նրբերանգ է։ Մենք նկատում ենք, որ մենք այստեղ՝ Հարավային Կովկասում, հետաքրքիր ենք մնացած աշխարհին, երբ համագործակցում ենք և, իհարկե, կարող ենք գոյատևել մասնատված լինելով, կարող ենք ինչ-որ կերպ գոյատևել առանձին: Մենք այստեղ գոյատևում ենք մի քանի հազար տարի և հուսով եմ, որ մի երկու հազար տարի էլ կշարունակենք ապրել որպես ազատ ազգ, բայց երբ միասնական լինենք, երբ համագործակցենք, գոնե երբ համագործակցության և հանդուրժողականության որոշակի միջավայր ունենանք այստեղ՝ Հարավային Կովկասում, ապա մնացած աշխարհի հետաքրքրությունը, Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ կլինի։ Մենք հետաքրքիր ենք ամբողջ աշխարհում բոլորս միասին որպես Հարավային Կովկաս, և սա իմ համոզմունքն է: Այսպիսով, այստեղ ես հավանաբար կցանկանայի կանգ առնել և հնարավորություն տալ մյուս պանելիստներին և անհամբեր սպասել հետաքրքիր երկխոսության: Շնորհակալություն։

Հարց․ Պարո’ն ԱԳ նախարար, ես կցանկանայի Ձեր անկեղծ կարծիքը տարածաշրջանային ուժային դերակատարների՝ խաղաղ գործընթացում դերի վերաբերյալ, որի մասին մենք խոսեցինք, և թե նրանք ինչ կառուցողական կամ հավանական մտահոգիչ դեր են խաղում: Կցանկանայի լսել Ձեր գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում նախ՝ Թուրքիայի դերի, և ապա՝ Ռուսաստանի դերի վերաբերյալ։

Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Շնորհակալ եմ բավականին հետաքրքիր հարցի համար։

Անդրադառնալով Ռուսաստանին և վերջինիս ունեցած դերին հարկ է նշել, որ Ռուսաստանն այն երկիրն է, որին հաջողվել է հրադադար կնքել 2020 թվականի պատերազմից հետո, հանդես գալ որպես միջնորդ և երկու երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Միջնորդական առաքելությունը հետագայում շարունակեցին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես նաև այլ գործընկեր երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ իմ և Ադրբեջանի գործընկերոջս վերջին հանդիպումը կայացել է Ղազախստանում։

Այսպիսով, մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի Հանրապետության դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։

Ես ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն ունենք լսելու միաժամանակ Լյուքսեմբուրգի, Լիտվայի և նաև Իրանի հարգարժան ներկայացուցիչներին։ Սա է «Երևանյան երկխոսությունը»։ Այսպիսով, մենք պետք է ավելի շատ լսենք միմյանց, պետք է ավելի շատ հաշվի առնենք միմյանց դիրքորոշումները, և, ինչպես ասացի ավելի վաղ այսօր, սա լավ հնարավորություն է։ Եթե կա ​​հնարավորություն, երկխոսությունն ու քննարկումը միակ ճանապարհն են։

Այսպիսով, նորից վերադառնալով Ձեր հարցին, նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը:

Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Դուք երևի տեղյակ եք՝ մենք սկսել ենք Թուրքիայի հետ երկխոսություն, և արդեն երկար ժամանակ է, ինչ այդ երկխոսությունը կա: Արվել են բազմաթիվ փոքր կամ ավելի մեծ քայլեր, որոնք երկու կողմերն իրականացրել են միմյանց միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Բայց ինչպես տեղյակ եք, մենք պայմանավորվել ենք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել. մինչ այժմ մենք դիվանագիտական ​​հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ, ինչպես նաև բաց սահմաններ Հայաստանի և Թուրքիայի միջև: Այսպիսով, ես կցանկանայի նշել, որ մենք լավ փոխըմբռնում ունենք, և նույնիսկ կիսվել ենք մեր հարաբերությունների ապագայի տեսլականով, բայց ինչպես ամենուր, մենք նույնպես ունենք որոշ բարդություններ։

Գիտեք, որ Թուրքիայում շատ հաճախ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջնականացման հետ։ Ես անձամբ չեմ կարծում, որ սա հարաբերություններ կառուցելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ընդհակառակը, եթե մենք ունենանք շոշափելի առաջընթաց և բաց սահմաններ Թուրքիայի հետ, ապա ակնհայտ է, որ դա շատ շոշափելի և դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վրա։ Այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է, և Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մյուս բոլոր գործընկերները՝ Լյուքսեմբուրգն ու Լիտվան, կարող են դրական դեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և խաղաղության նոր դարաշրջան բերել մեր տարածաշրջան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30