Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, թե այս պահին համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագրի ստորագրման ՀՀ ղեկավարության կոչերն Ադրբեջանի համար անընդունելի են։ «Անընդունելի են նաև առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը»։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ «խաղաղության համաձայնագրի» նախագիծը ստորագրելու՝ հայկական կողմի մտադրության ձևից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը հստակորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին։ Խոսքն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման մասին է, որոնք ամրագրված են այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, այդ թվում՝ Սահմանադրությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությանը, ապա ևս մեկ անգամ նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռություն և հավասարություն ստեղծելու փորձը որևէ արդյունք չի տա»,- նշել է նա:
«Ամբողջովին անհիմն է նաև հայկական կողմի հայտարարությունը այդ երկրի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջների անվնաս լինելու մասին՝ խաղաղության համաձայնագրի նախագծում նշելով այն դրույթը, որ «ոչ մի կողմ չի կարող դիմել իր ներքին օրենսդրությանը սույն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար»: Եվս մեկ անգամ նշում ենք, որ հայտնի փաստ է, որ ոչ մի միջազգային պայմանագիր Սահմանադրության նկատմամբ գերազանցություն չունի։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի շրջանակում, հիշեցնում ենք, որ այդ երկիրը՝ ի դեմս վարչապետի, կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը և օկուպացրել Ադրբեջանի տարածքները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Այխան Հաջիզադեն հավելել է. «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի հարցին, ապա Ադրբեջանը ռազմական հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ազատ արձակելու պարտավորություն չի ստանձնել։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հումանիզմի սկզբունքին, ռազմագերիներից յուրաքանչյուրին հանձնեց Հայաստանին։ Մինչդեռ հայկական պետության կողմից ազատ արձակված ռազմագերիների զանգվածային ձերբակալություններն ու հալածանքները հատկապես տարակուսելի են այս պետության՝ իր քաղաքացիների նկատմամբ «հոգատարության» համատեքստում։
Մենք հայկական կողմին, որը տարբեր հարթակներում շարունակում է ագրեսիվ կերպով զրպարտել մեր երկրին, կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից»