Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ կարգով ոստիկանություն հրավիրելու դեպքում Արմեն Համբարձումյանը կներկայանար և բռնի ուժ գործադրելու կարիք չէր լինի։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր՝ ժամը 16։00-ին նախատեսված ավագանու նիստում։
Մեր հետ զրույցում Արմեն Համբարձումյանն ասել էր․ «Կառավարությունը մեծ չափով գումար է տրամադրել գենպլանի փոփոխության համար, նախկինում այն փոխվել է, մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայնքի ղեկավարը օգտվել է գումարից, առանց տեղյակ պահելու մարդկանց հողատարածքները հանում է կառավարության որոշման գենպլանից, փոխարենը ինքն է նորը ուղարկել խայտառակ պատկերով․․․ Գյուղնշանակության հողերը 2011 և 2017 թվականներին գենպլանով դրվել է բնակելի գոտու տակ, մարդիկ վճարել են փոխել են տնամերձ։ Հիմա համայնքի ղեկավարը սարքում է մեծ խնդիր։ Հողերն արժեն 100 դոլար, բայց համայնքի ղեկավարը գինը ուզում է իջեցնել 20 դոլարի հասցնել․․․ 27 ավագանի են, 13-ը Նորայր Սարգսյանի ավագանին են: Եթե ինքը ասի՝ վրիպում է եղել, հարցը օրակարգից հանեք, հարցը կհանվի: Ինչո՞ւ է ուզում այսօր սղացնի այդ հարցը, չհանի ավագանու նիստի այսօրվա օրակարգից, թե բա էսպես կլինի, էնպես կլինի: Մտահոգ մարդը հենց այսօր օրակարգից կհաներ, ինչու են ուզում այսօր անցկացնել, հետո տեսնեն՝ ինչ կանեն: Հարցը ավելի կբարդացնեն: Էդ խայծը մենք չենք ուտի, էդ աֆերիստ տրյուկները մեզ մոտ չեն անցնում»,- իր խոսքում նշել է Արմեն Համբարձումյանը։