Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ՔՊԿ-ն չի վախենում, թող գնա նոր ընտրության․ Սամվել Հակոբյան

Սեպտեմբեր 10,2024 22:55

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթն ավագանու նիստին․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանի կառավարումը ճգնաժամի մեջ է: Կա քաղաքական ու կառավարման ճգնաժամ: Իշխող կոալիցիան լեգիտիմ չէ:

Նախ կառավարման մասով:

Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կա՛մ բյուջեի մսխման, կա՛մ վատ կառավարման, կա՛մ չիմացության հետևանք են:

Աղբահանությունից մինչև այգիների բարեկարգում, վերելակների շահագործումից մինչև ասֆալտապատում, տրանսպորտից մինչև հեղեղատար համակարգեր, չհիմնավորված ու կոռուպցիոն կասկածներ առաջացնող շինթույլտվություններից մինչև կանաչապատում. բոլոր ոլորտներում ձախողվել եք:

Քաղաքականի մասով ունենք լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած քաղաքապետ: Այդ հարցով «Մայր Հայաստանը» դատարան է դիմել: Եթե օրենքի տառն ու ոգին պահպանվի, ապա քաղաքապետի լիազորությունների ստանձնումը պետք է համարվի ապօրինի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Երևանում քաղաքական ճգնաժամ կա նաև այն պատճառով, որ ունենք փոքրամասնության իշխանություն, որը ձևավորվել է կուլիսային պայմանավորվածությունների, ժողովրդի տված քվեի գողացման և ստվերային գործարքների միջոցով: Այդ քվեագողությունը և ստվերային գործարքները հիմա էլ են շարունակվում՝ մանդատների վերաձևման միջոցով:

«Քաղաքացիական պայմանագիրը» երկուս ու կես միավորանոց կոալիցիա է ստեղծել ու հիմնականում երկու բան է արել 2023-ի ընտրություններից հետո՝ գնացել է թանկացումների և հետընտրական ընտրակեղծիքներով է զբաղվել՝ խմբակցություններից մարդկանց կա՛մ գողանալով, կա՛մ հեռացնելով: Ավագանու մանդատներից զրկելը հուշում է, որ ոչ միայն փորձ է արվում վերանայել ընտրության արդյունքները, այլ նաև ցույց է տալիս, որ ՔՊԿ-ի ներսում կան խնդիրներ, կա ներիշխանական գզվռտոց: Ընդդիմադիր քվեներ ստացած որոշ շրջանակներ ակնհայտորեն գործարքի մեջ են մտել ՔՊԿ-ի այս կամ այն թևի հետ, ինչը ժողովրդին դավաճանել է նշանակում:

«Քաղաքացիական պայմանագիրը» խաբել է իր ընտրողներին: Անում է այն, ինչ խոստացել էր չանել և չի անում այն, ինչ խոստացել էր անել: Կարմիր կետագծերի, տեղական վճարների, քաղաքային տրանսպորտի գնի թանկացում չէր խոստացվել, բայց արվել է: Խոստացվել էր լավ կառավարում, բայց ճիշտ հակառակն է: Օրինակ՝ հենց անձրև է գալիս, քաղաքը կոլապսի է ենթարկվում: Բյուջեի ծախսերին նայում ենք, թվում է, թե պետք է Երևանը ջրհեղեղի տակ չմնար, քանզի համապատասխան միջոցներ են հատկացվել, բայց իրականության մեջ ունենք խայտառակ պատկեր: Դա պարզապես ամոթ է մեր մայրաքաղաքի համար: Հսկայական աշխատակազմ եք պահում, աշխատավարձ ու պարգևավճարներ եք բաժանում, բայց Երևանը դրանից ոչ միայն չի շահում, այլ նաև տուժում է:

Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի գնին, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, թանկացնելով տրանսպորտի գինը, մտնում է գրեթե ամեն մի ընտանիքի, ամեն մի քաղաքացու գրպանը: Տատիկ-պապիկների դարդ ու ցավով, իբր, ապրող Նիկոլ Փաշինյանը հիմա նույն այդ տատիկ-պապիկներից ուզում է 100 դրամի փոխարեն մինչև 300 դրամ հավաքել ավտոբուսից օգտվելու համար:

Դուք չեք կարողանում հիմնավորել, թե ինչու եք թանկացնում տրանսպորտի գինը, իսկ «Մայր Հայաստանի» առաջարկած նախագիծը մերժում եք, քանզի որոշել եք, որ պետք է քաղաքացուն թալանի մատերիալ դարձնեք:

«Մայր Հայաստանը» պայքարել ու պայքարելու է տրանսպորտի գնի թանկացման դեմ՝ կոչ անելով ժողովրդին թույլ չտալ այդ թալանը:

Հարգելի՛ ժողովուրդ,

Ստեղծված իրավիճակում լուծումը ինչպես համապետական, այնպես էլ տեղական մակարդակով անհրաժեշտ իշխանափոխությունն է: Եթե ՔՊԿ-ն համոզված է, որ իշխելու քվե ունի և չի վախենում քաղաքացիների հետ շփվելուց, ապա թող գնա նոր ընտրության: Մանդատ գողանալով ու հաճախորդներ բուծելով երկար չեք կարող գնալ, քաղաքին էլ միայն վնասներ կտաք:

 

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30