Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

68 միլիոն դրամ՝ Գյումրուն վայել տոնածառ գնելու նպատակով

Սեպտեմբեր 10,2024 22:45

Գյումրին այս տարի կունենա նոր տոնածառ։ Այսօր ավագանին համաձայնեց 75 միլիոն դրամ հատկացնել կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրվող նոր տոնածառի և զարդարանքների ձեռք բերման և հին զարդարանքների վերանորոգման համար։

Թե ինչու պիտի նորացնել գլխավոր եղևնին, բավական մանրամասն ներկայացրեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

«Ընկերնե՛ր, մեր քաղաքի տոնածառը, որը մինչ անցյալ տարի օգտագործել ենք, 2005 թվականին ձեռք բերված տոնածառ է, բոլորս հիշում ենք, որ տոնածառը քամու հետևանքով շրջվեց, բավական աշխատատար պրոցես էր սարքել, նորից տեղադրելը։ Սարքածն այն չի եղել, ամեն դեպքում բոլորն ամեն տարի ասում են՝ վայ, տոնածառը ծուռ է, այդ ծուռը կպցրել են, էդպես է եղել, մենք էլ կարողացել ենք դրսից բերած ճյուղերով մի քիչ կարգավորել։

Դրսից բերած ճյուղերը մեր վրա բավականին թանկ են նստում, որովհետև խնդրանքով, պայմանագրով, գումարով տոնածառի ճյուղեր ենք տեղափոխում Տաշիրից, Տավուշից, ամրացնում ենք, շատ դժվար է դրանց վրա աշխատելը, մեքենաներով բարձրանում են, ամրացված ճյուղերի վրա մինչև զարդարում են, բանվորներն էլ էդտեղ են տուժում։

Մի խոսքով, գտել ենք հարմարը, և քանի որ ֆոնդային բյուջեից այս տարի շատ բան չգնեցինք և մնացորդ ունենք, ավագանուն ներկայացնում եմ ձեռք բերել նոր, գեղեցիկ, կարելի է ասել Գյումրուն վայել տոնածառ, որի համար նախատեսվում է հատկացնել 68 միլիոն դրամ։

Տոնածառը կլինի արհեստական, շատ բարձր, շատ գեղեցիկ։ 68 միլիոն դրամի մեջ մտնում են բոլոր զարդ ու զարդարանքները, հրապարակի աշխատանքները՝ տեղադրում, մոնտաժումը։

Բացի դրանից մեզ անհրաժեշտ է նաև 7 միլիոն դրամ, որովհետև մեր քաղաքի տարբեր մասերում տեղադրված դեկորներն արդեն իսկ շատ-շատ հին են, քանի տարի է՝ նորոգվում են, նորից տեղադրվում են, այս տարի էլ նորոգենք նորից տեղադրենք, մինչև  կարողանանք նորը ձեռք բերենք։

Տոնածառը պետք է տեղադրվի ֆոնդային մասից, քանի որ կհամարվի հիմնական միջոց և քաղաքի համար կծառայի տարիներ շարունակ»,-ասաց Լենա Ջիլավյանը։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը ծիծաղելով ասաց՝ «Էնպես ախորժակով, հավեսով եք ներկայացնում, կարծես տեսել եք նոր տոնածառը»։

Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է 68 միլիոն նախատեսվում։

Լենա Ջիլավյանը պարզաբանեց, թե ուսումնասիրվել են գները, չի բացառվում, որ 68 միլիոնից ավելի քիչ ծախսվի, դեռ մրցույթ են հայտարարելու։

Այն, ըստ Լենա Ջիլավյանի, լինելու է շքեղ՝ 25-30 մետր բարձրության։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանը հետաքրքրվեց հին տոնածառի ճակատագրով, նա հարցրեց՝ հնարավո՞ր է օտարել այն ու այդ գումարը ներառել 68 միլիոն դրամի մեջ՝ նորը գնելու նպատակով։

Լենա Ջիլավյանը պարզաբանեց, որ հին տոնածառը ոչ մեկն էլ չի գնի, այն հավաքում են երկաթներով, կարելի է երկաթը որպես մետաղ վաճառել։ Ճյուղերն էլ ամեն տարի գնում են ու թափում։

ՔՊ ավագանու անդամ Վովա Հակոբյանն էլ առաջարկեց հանրային քննարկման կամ քվեարկության դնել ու լսել գյումրեցիների կարծիքը, թե ինչպիսի տեսքով տոնածառն է հարիր այս քաղաքին։

Հիշեցնենք, որ գյումրեցիներից շատերը պահանջում էին հին տոնածառը փոխարինելով նորով։ Նրանք դժգոհում էին, թե բավական է ամեն տարի հին տոնածառը տեղադրել, որի տակ հնարավոր չէ անգամ նկարվել․ ներքևի մաս գոյություն չունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30