Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրող, պաշտպանվող կողմերը, դատարանը եւ տուժողների իրավահաջորդները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին վկաներից մեկին:
Դատական նիստի ավարտից հետո անհետ կորած Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանն ասաց. «Ամեն դեպքում մեղավորները պետք է պատասխան տան: Տեսնում եք՝ մեկը մյուսի վրա է գցում: Հասնելու ենք ձկան գլխին, որովհետեւ ձուկը գլխից է հոտած, ոչ թե պոչից: Ես հարցրի չէ՞, թե կարելի՞ է իրենց իրականացրած օպերացիան, գործողությունը հաջողված համարել:
Եթե վարձով ապրող զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, որը ամբողջ զորամասի տղաների անունով վարկեր էր վերցրել, հսկայական տուն է սարքել, ուրեմն ինչ-որ մի տեղ իր համար օպերացիան ստացվել է ու բարեհաջող վերելքներ է ապրում»:
Հարցին, թե ի՞նչ կասի երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում, հետեւաբար, մեր տղաների վերադարձի պաշտոնական պահանջ չկա, տիկին Անահիտը պատասխանեց. «Այնպես չէ, որ նրա ասածը օրենք է: Բայց նա ավելի վաղ էլ էր ասել, թե մենք գերիներ չունենք, նրանք իմ համար գերիներ չեն: Լատինաամերիկյան պարողը եկել, դարձել է երկրի պատասխանատու մարդկանցից մեկը, հարց լուծող»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումները ԱԱԾ տնօրենի հետ ի՞նչ արդյունք են տվել, Անահիտ Ադոյանը պատասխանեց. «Նա ասաց, որ հանդիպում պետք է լինի ու քննարկվի անհետ կորածների հարցը, որի պատասխանը կունենանք երեք օր հետո: Արդեն 10 օրից ավելի է՝ ոչ մի պատասխան չունենք: Գուցե չի ստացվել: Եթե հանդիպումը տեղի չի ունեցել, պետք է տեղեկացրած լինեին, իսկ եթե ստացվել է, ի՞նչ են քննարկել:
Այնպես չէ, որ իրենց ձեռք չի տալիս այս իրավիճակը: Այս իրավիճակը բոլորին է ձեռք տալիս: Քաղաքական խաղ է տղաների գերության հաշվին: Այսօր մենք որտե՞ղ ենք, սա ո՞ր դատարանն է, հակակոռուպցիո՞ն: Այսինքն, դա առուծախի խնդիր էր, որը եկել, հասել է հակակոռուպցիոն: Այլապես, ուրիշ դատարան կգնար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ