«Իմ գնահատմամբ՝ Կարեն Ակոպյանի հարցաքննության արդյունքները ևս մեկ անգամ ամրապնդեցին, որ Արմեն Աշոտյանի կողմից եղել է վկայի նկատմամբ ազդեցություն՝ առնվազն քրեական գործով անցնող անձանց նկատմամբ միջամտություն»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում նրա խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Արման Նշանյանը։
Դատախազն ասաց՝ գտնում է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառումը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը․ «Գտնում եմ, որ նրա նկատմամբ պետք է կիրառել երեք ամիս ժամկետով կալանք՝ որպես խափանման միջոց»։
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դատախազները չֆիքսեցին, թե Կարեն Ակոպյանի ցուցմունքի որ հատվածն է հաստատում նրա նկատմամբ ազդեցությունը։ Մեղադրող դատախազ Արման Նշանյանն այս առիթով ասաց․ «Նման դիրքորոշումը ձևավորվել է, որ Կարեն Ակոպյանն իր ցուցմունքում նշեց, որ ինքը կաշկանդված է, քանի որ Արմեն Աշոտյանը նստած է իր գաղտնալսման պատճառով։ Սա մեկ դրվագ, որ նա ունի կաշկանդվածություն, որ իր պատճառով Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ։ Արմեն Աշոտյանի միջամտության մասով մեր համոզմունքը ամրապնդվեց նաև այն հանգամանքով, որ Կարեն Ակոպյանն իր ցուցմունքով ևս մեկ անգամ նշեց, որ Արմեն Աշոտյանն ուղղորդել է իրեն գնալ և նախաքննական մարմնի մոտ թեկուզ և տալ սուտ ցուցմունք։ Դա ապօրինի միջամտություն է քրեական վարույթի մասնակցի նկատմամբ։ Կարեն Ակոպյանը նշեց, որ Արմեն Աշոտյանն է ասել է, որ իրեն փաստաբան է պետք»։
Արմեն Աշոտյանն այս առիթով հայտարարեց․ «Բուռն երևակայություն է պետք ունենալ Կարեն Ակոպյանի ցուցմունքն ընդունել՝ որպես ապացույց, որ ես միջամտել եմ։ Ուզում եմ հատ-հատ պատմել այդ երևակայության մասին։ Մի բան եմ խնդրում՝ հեռուստադիտողը թող վերցնի, Կարեն Ակոպյանի ցուցմունքը լսի ու համադրի հանրային մեղադրողի ելույթի հետ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ