Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու համար հավաքագրվել ու համադրվել են քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա անցումային փուլ է, որից հետո ամբողջ աշխատանքը կտեղափոխվի թվային դաշտ, որպեսզի քաղաքային պլանավորումն էլ ավելի հաշվարկելի և տրամաբանական դառնա: Երևանը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, և հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը:
***
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 15-ին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն