Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նոր ծախսեր՝ մոտ 2 ամիս առաջ տեղի ունեցած «Ֆեստիվառի» համար․ Գյումրու ավագանին չթույլատրեց գումար հատկացնել

Սեպտեմբեր 10,2024 20:35

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը հուլիսի 27-ին Գյումրիում կայացած «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնելն էր։ Գյումրու համայնքապետարանը նախատեսել էր բյուջեից հատկացնել 2 միլիոն 434 հազար դրամ։

«Բոլորդ մասնակցել եք, բոլորդ տեղյակ եք, շատ հաճելի միջոցառումներ տեղի ունեցան, բավականին փոխվեց քաղաքացիների կծկված վիճակը, ուրախացան, շատ լավ զգացին, բայց այդ լավ զգալու հետ մեկտեղ պետք է կատարվի որոշակի ծախս։ Մենք վարձակալել ենք տաղավարներ, որպեսզի ցուցահանդես-վաճառք կազմակերպվի, սեղանիկները բոլորը վարձակալված էին։ Եվ այդ բոլորի համար անհրաժեշտ է 2 միլիոն 434 հազար դրամ գումար։

Գումարը մենք ունենք, հոդվածում գումար կա, կարող ենք փոխանցումն անել, ներկայացնում եմ ձեր հաստատմանը»,-ներկայացրեց Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր ավելի վաղ տեղեկացնել այս մասին։ Նա նաև նշեց, որ որպես հիմնավորում ներկայացրել են մի փաստաթուղթ՝ տրամադրված Հանրային հեռուստաընկերության կողմից, որտեղ առանձնապես ոչինչ գրված չէ։

«Ինչի՞ հիման վրա ենք մենք այս գումարները տալիս, տաղավարներն ինչպե՞ս են օգտագործվել, ումի՞ց են գնվել դրանք։ Մեկ անձից գնումո՞վ են եղել, թե՞ նվիրատվություն է եղել», -հարցրեց Քնարիկ Հարությունյանը։

Լենա Ջիլավյանը պատասխանեց՝ մտածում էին այլ միջոցառումներ ևս կլինեն՝ վարձակալած տաղավարների գումարը միանգամից կհաշվարկեն, կփոխանցեն։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ  պարզաբանեց, որ «Ֆեստիվառը» Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներում է տեղի ունեցել, կա մի կազմակերպություն, որն ունի պահանջված վրանները, դրանք ամեն տեղ չկան։ Տվյալ կազմակերպությունը բերել-տեղադրել է, պայմանագիրը նրանց հետ է եղել։

Քաղաքապետը մատնանշեց, որ մյուս համայնքները էլ նույն սկզբունքով են վարվել, պայմանագիր կնքել։

Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քաղաքապետարա՞նն է տաղավարներ տեղադրող կազմակերպության հետ պայմանագիր կնքել, թե՞ ասել են՝ այս կազմակերպության հետ պիտի կնքեք պայմանագիրը։

Վարդգես Սամսոնյանն ասաց՝ «Մեզ ասել են՝ պայմանագիր կնքեք»։

Քնարիկ Հարությունյանը շարունակեց․ «Մեկ անձից գնո՞ւմ է ստացվում, չէ՞»։

ՔՊ խմբակցության ավագանու անդամ Վովա Հակոբյանն էլ հարցրեց՝ ինչո՞ւ հիմնավորման մեջ չկա բացվածք, որտեղ օրինակ՝ կնշվի որ այս տաղավարն են ձեռք բերել այսքան գումարով ու այս կազմակերպության կողմից։

«Ո՞ւր է այդ բացվածքը, մենք չիմանա՞նք ինչի համար ենք քվեարկում։

Հիմա պատկերացրեք, որ մենք՝ ավագանու անդամներս, դեմ ենք քվեարկելու, դուք ասում եք մենք պայմանագիրը կնքել ենք, չգիտեմ ինչ ենք արել, դուք առանց ավագանու համաձայնության ինչո՞ւ եք պայմանագիր կնքել, կամ մենք հիմա չենք հաստատում, ո՞նց եք այդ փողերը տալու»,- հարցրեց Վովա Հակոբյանը։

Վարդգես Սամսոնյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ միջոցառումը տարբեր տարիներին կազմակերպված է Հայաստանի Հանրապետությունով, շքեղ լավ միջոցառում է եղել, մենք վստահ ենք եղել, որ մեր ավագանին կողմ կքվեարկի»։

Ավագանու անդամը շարունակեց՝ ասելով, որ շատ շքեղ միջոցառում էր, բայց չիմանա՞նք մանրամասները։

Լենա Ջիլվայանն էլ ասաց, թե այդ ընթացքում ավագանին արձակուրդում էր և 2 միլիոնի պատճառով չեն ուզել ավագանուն անհանգստացնել՝ վստահ լինելով, որ ավագանին կհաստատի։ Այդ պատճառով արտահերթ նիստ չեն հրավիրել։

«Հիմա եկել ենք արձակուրդից, ո՞ւր  է բացվածքը, գրեիք այս կազմակերպությունից վարձակալել ենք այսինչ գումարով»,-ասաց Վովա Հակոբյանը։

Վարգես Սամսոնյանը հորդորում էր կողմ քվեարկել, որպեսզի Գյումրին աչքի չընկնի, ըստ նրա, մյուս համայնքները քվեարկել են, հաստատել։ Վրանները, նրա տեղեկացմամբ, եղել են 42 հատ։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հիշեցրեց, որ օգոստոսին տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ, սակայն այս հարցը քննարկման չի դրվել։

Ավագանու անդամները նաև հիշեցրեցին, որ իրավունք չունեն հավանություն տալ անցյալում  տեղի ունեցած մի գործողության, այն է՝ մեկ անձից անհապաղ գնում կատարելուն, դա վերաբերում է միայն ապագային, դա հակասում է «Գնումների մասին» օրենքին։

«Կատարվել, վերջացել է, նոր ասում ենք անհետաձգելի էր», -ասաց «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը։

Ավագանին դեմ քվեարկեց, նախագիծը չհաստատվեց։

Կողմ քվեարկեց միայն «Բալասանյան դաշինքը», ՔՊ-ն 9 ձայնով դեմ քվեարկեց, մնացածը՝ ձեռնպահ։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ավագանու նիստից հետո իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է տվյալ թեմային՝ գրելով․ «Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց հուլիսին Գյումրիում անցկացված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնին աջակցման նպատակով գումար հատկացնելու նախագծին։

Խոսքը 2 մլն 434 հազար 350 դրամի մասին է, որով փառատոնի շրջանակներում տաղավարներ են վարձակալվել։ Ումից ու քանի տաղավար, պարզ չէ։

Չնայած փառատոնն անցկացվել է հուլիսին ու մինչ այս ավագանին 2 արտահերթ նիստ է գումարել, միայն այսօր՝ սեպտեմբերի 10-ին այս ծախսի մասին հայտնի դարձավ։

Նախագծով առաջարկվում էր նաև հավանություն տալ անհետաձգելի համարված գնումը մեկ անձից իրականացնելու ընթացակարգին՝ առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

Նախագծին կողմ քվեարկեց միայն Բալասանյան դաշինքը, արդյունքում այն չանցավ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30