ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում նրա խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն ներկայացրին ՀՀ նախկին փոխվարչապետ, «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։
Վաչե Գաբրիելյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Լույս հիմնադրամը Արմեն Աշոտյանի գործատուն է։ Մենք ունենք անմիջական ազդեցություն պարոն Աշոտյանի գործունեության վրա՝ մասնավորապես, եթե խոսքը աշխատանքային հարաբերությունների մասին է, դրանով պարոն Հարությունյանն է զբաղվում, իսկ ընդհանուր ծրագրերը, դրանց ֆինանսավորումը, այդ ուղղություններին հետամուտ լինելը խորհրդի իրավասության շրջանակում են։ Խորհուրդը կարող է ձևակերպել խնդիրներ և քաղաքականություն, որ պարոն Աշոտյանի կողմից հնարավոր ազդեցությունները, որոնք ցանկալի չեն, ազդեցություն ունենան։ Ճանաչում եմ Արմեն Աշոտյանին, վստահ եմ, որ երաշխավորների մասին ինքը մտածում է»։
Հարցին՝ ինչպե՞ս եք ապահովելու Արմեն Աշոտյանի՝ պարտականությունների պատշաճ կատարումը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ «Անմիջականորեն գործատուն հանդիսանում եմ ես, այնպես որ ազդեցության լծակներ ունեմ՝ հաշվի առնելով, որ նրա միակ ապրուստի միջոցը ձևավորվում է «Լույս» հիմնադրամից։ Եթե չարգելեք հանդիպումները Արմեն Աշոտյանի հետ, մշտապես կապի մեջ եմ գտնվելու, ունենալու եմ անսպասելի այցեր, հետևելու եմ իր շրջապատին, իր շրջապատին ևս բացատրելու եմ, թե ինչ խնդիրներ պիտի լուծենք և ինչպիսի ազդեցության միջոցներ ունենք, որ նրա վրա պիտի ազդենք, եթե նկատենք որևէ շեղում այն վարքից, որի համար երաշխավորում եմ, սերտորեն կհամագործակցեմ թե′ դատարանի, թե′ իրավապահ մարմինների հետ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ