Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին է ստացվել գրություն, որ Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Նոր Արմավիր համայնքում հաշվառված Քաղաքատեղի Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում իրականացվել են հողաքանդման աշխատանքներ եւ տարածքում առկա են ջարդված խեցեղենի բեկորներ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» Արմավիրի բաժնի պետ Անդրանիկ Սիմոնյանը եւ ԿԳՄՍՆ հուշարձանների բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը, սակայն, հայտնել են, որ Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքին նյութական վնաս չի պատճառվել:
Ըստ նույն աղբյուրի, սեպտեմբերի 3-ին ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից տրվել է բանավոր ցուցում՝ նշված պատահարով տալ ամփոփագիր: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: