Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն 5678 գնման ընթացակարգ է դիտարկել 2024 թ. առաջին կիսամյակում

Սեպտեմբեր 10,2024 18:11

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից:

Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ծառայությունը դիտարկել է  5678 գնման ընթացակարգեր, որոնցից 1703-ի (առաջնային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 30%) նկատմամբ իրականացվել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ (հավելյալ) վերահսկողության իրականացման նպատակով առավել ռիսկային են գնահատվել 171 ընթացակարգեր (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի 10%): Նշված ընթացակարգերի նկատմամբ լրացուցիչ (հավելյալ) հսկողություն իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություններ են հասցեագրվել պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների և որոշ ՏԻՄերի։

Իրականացվող դիտարկումների արդյունքում  104 դեպքով արձանագրվել է գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի խտրականություն և պատվիրատուներին առաջարկվել է իրականացնել համապատասխան փոփոխություններ:

70 գնման ընթացակարգերում հայտնաբերվել են հանրային գնումներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության դեպքեր, որոնց շրջանակում  117 կնքված պայմանագրերի վերաբերյալ 82 դեպքով պատվիրատուներին առաջարկվել է գնման գործընթացները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:

Գնումների գործընթացներում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվության և դրա արդյունքում պայմանագրերի կնքմամբ այլ տնտեսվարողների օրինական իրավունքների խախտման, պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հիմքերով  21 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաշվետու ժամանակամիջոցում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամ:

Դիտարկմամբ՝  14 դեպքով արձանագրվել են պատվիրատուների կողմից գնման ընթացակարգերի փաստաթղթերի ոչ պատշաճ հրապարակման դեպքեր, որոնց ուղղությամբ 12 դեպքով առաջարկվել է պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացված գնման պայմանագրերի կատարման օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հաշվետու կիսամյակի ընթացքում իրականացվել և ամփոփվել են ևս  13 մշտադիտարկումներ, որոնց արդյունքներով վերհանված առերևույթ խախտումների փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկվել հանրային գնումների գործընթացներին վերաբերող՝ Ծառայությանը հասցեագրված երեք տասնյակից ավելի հանրագրեր: Բոլոր հանրագրերին տրվել են պատշաճ և սպառիչ պատասխաններ:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գնումների ոլորտը կարգավորող լիազոր մարմին են ներկայացվել  8 օրենսդրական կարգավորումների փոփոխության առաջարկներ, որոնք բխել են ընթացիկ վերահսկողական գործընթացների արդյունքներից:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30