Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն հաջողությամբ հարցաքննվող վկան կարող է հարցաքննությունից հետո մյուս վկային պատմել, թե ինչ է ասել․ լուսաբանման ծավալը կախված է լրատվամիջոցի ներկայացուցչի հմտությունից»․ Վահե Դոլմազյան

Սեպտեմբեր 10,2024 17:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում Արմեն Աշոտյանին դարձյալ դիմավորեցին ծափերով։

Նիստի մեկնարկին մեղադրանքի կողմը ներկայացրեց միջնորդություն՝ կապված ԶԼՄ-ների գործունեության հետ։ Մեղադրող դատախազ Արման Նշանյանն ասաց․ «Դեռևս մինչ վկաների հարցաքննությանն անցնելը՝ ես հանդես եկա միջնորդությամբ՝ արգելել լրատվամիջոցներին ուղիղ եթերով հեռարձակում իրականացնելու մասով։ Ըստ էության՝ դատարանը բավարարեց նշված միջնորդությունը, միաժամանակ թույլատրեց ԶԼՄ-ներին կատարել ձայնագրառումներ: Միաժամանակ թույլ չտվեց, որ վկաների հարցաքննությունները բառացի, տառացի հրապարակվեն՝ ըստ վկայի խոսքերի, տարբեր լրատվական էջերում։ Գտնում եմ, որ 328-րդ հոդվածի համատեքստում վկաները պետք է հարցաքննվեն իրարից անջատ, որ հաջորդ՝ դեռ չհարցաքննված վկան որևէ տեղեկություն չունենա նախորդի ցուցմունքի բովանդակության հետ կապված։ Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որ ԶԼՄ-ներն իրենց կատարած ձայնագրառումները, մինչև բոլոր վկաները չեն հարցաքննվել, բառացի ու տառացի չհրապարակեն իրենց էջերում կամ լրատվական այլ միջոցներում։ Հետևաբար` խնդրում եմ նշված հարցը քննարկենք, որից հետո անցնենք Կարեն Ակոպյանի ցուցմունքի շարունակությանը։ Երբ ուղիղ հեռարձակման արգելման պայմաններում ԶԼՄ-ները հրապարակում են վկայի ցուցմունքները, ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ դրանից անմիջապես հետո, ստացվում է, որ դատարանի կողմից կայացրած որոշումը՝ ուղիղ հեռարձակում արգելելու հետ կապված, ցուցմունքը հրապարակելու մասով, դատարանի որոշումն իր առաքելությանը չի ծառայում»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ հրապարակման հետ կապված քրեադատավարական արգելք կարծես չկա։ Նա դատախազին խնդրեց հղում կատարել, թե որ հոդվածի հիման վրա է նման միջնորդություն անում։

Արման Նշանյանն ասաց․ «Վկաների հարցաքննության՝ ուղիղ հեռարձակման արգելման պայմաններում, դրանից անմիջապես հետո՝ հաջորդ վկային չհարցաքննելու պայմաններում, այդ վկայի ցուցմունքի հրապարակումը չի ապահովում 328-րդ հոդվածի պահանջը՝ այն, որ, ըստ էության, վկաները չեն հարցաքննվում միմյանցից անկախ։ Իմ ասածը հետևյալն է՝ ձայնագրառման դեմ որևէ առարկություն չունեմ, բայց հրապարակման մասով կուզեմ միջոցներ ձեռնարկեք, որ այդ հրապարակումները հետագայում լինեն բոլոր վկաների հարցաքննություններից հետո։ Իմ կարծիքին եմ մնում առ այն, որ 328-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ դատարանն իրավունք ունի թույլ չտալու, որ դատավարությունից հետո հրապարակվեն վկաների ցուցմունքները։ Խոսքը, օրինակ, «168 ժամի» մասին է։ Ես, համենայն դեպս, որքանով հասցրել եմ «168-ի» հոդվածին ծանոթանալ, բանավոր ու գրավոր բովանդակային առումով Կարեն Ակոպյանի ցուցմունքը հրապարակված է։ Համաձայն ենք հրապարակային լուսաբանել դատական քննությունը, բայց դրա արդյունքում արդարադատությունն է խախտվում։ Որևէ ենթատեքստ չկա, խոսքը արդարադատության շահի մասին է»։

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն առարկեց․ «Միջնորդությունն իրականում ոչ մի կապ չունի 328-րդ հոդվածի հետ։ Եթե մեղադրանքի կողմը նկատի ունի, որ մի վկան չիմանա՝ ինչ ցուցմունք տվեց մյուսը, դա այդպես չէ, այլ այն, որ միջավայրը, որում վկան հարցաքննվում է, չլինի ուրիշ վկայի ազդեցության ներքո։ 21-րդ դարում անհնարին է Ձեր պահանջն ապահովել, կամ պետք է լինի դռնփակ նիստ, կամ եթե դռնբաց է, ցանկացած ԶԼՄ, ցանկացած ծավալով կարող է հրապարակել։ Ես, օրինակ, կարող եմ վերցնել ձայնագրությունը ու տալ ԶԼՄ-ի, ամբողջությամբ հրապարակեն։ Օրենքն ինձ չի արգելում։ Միջնորդությունն աղերս չունի 328-րդ հոդվածի հետ և ենթակա է մերժման»։

Արմեն Աշոտյանի մյուս պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ասաց․ «Սույն գործն ունի հանրային հնչեղություն, իսկ դա ենթադրում է, որ մարդկանց հնարավորություն տրվի հնարավորինս շուտ տեղեկություն ստանալ։ Չեմ տեսնում պատճառը, թե ինչու ենք խուսափում հրապարակայնությունից, եթե ամեն ինչ նորմալ է մեղադրանքի կողմի ներսում։ Սա դատարանի իրավասությունից դուրս հարց է։ Ուղիղ լուսաբանման ռեժիմը, տեսագրությունը կարող է դատարանը սահմանափակել, բայց եթե դատարանը որևէ ԶԼՄ-ի արգելի որևէ ձևով իր նյութը՝ ոչ ուղիղ հեռարձակմամբ տպագրել, ապա որևէ խնդիր դրանով չի լուծվի․ հաջորդ օրը մեկ այլ ԶԼՄ կարող է հրապարակել օրենքով սահմանված կարգով»։

Վահե Դոլմազյանը խոսք տվեց նաև «168 ժամ»-ի լրագրողին։ Վերջինս ասաց․ «Որևէ արգելք չի եղել չհանրայնացնելու ուղիղ հեռարձակումից զատ։ Ինչ եղել է, եղել է օրենքի շրջանակներում»։ Վահե Դոլմազյանը հարցրեց՝ ո՞ր ցուցմունքներն եք հրապարակայնացրել, լրագրողը պատասխանեց՝ միայն հանրային հետաքրքրություն ունեցող դրվագները ու շարունակեց․ «Եթե բոլոր ցուցմունքները հրապարակեինք, հարգելի մեղադրող դատախազը մինչև այսօր կկարդար»։

Նախագահող դատավորը, դիմելով դահլիճում նստածներին ու մասնավորապես նրանցից մեկին, որն այս առիթով քմծիծաղ տվեց, ասաց․ «Երգիծական միջոցառում չէ, որ դատավարության մասնակիցներից որևէ մեկի խոսքի կամ դրանով պայմանավորված ԶԼՄ ներկայացուցչի հետ հարցուպատասխանը ծիծաղ առաջացնի կամ ծիծաղեք։ Դահլիճում գտնվողներին պա՞րզ է»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց մեղադրող դատախազների միջնորդությունն ու ասաց, որ նման լիազորություն չունի․ «Վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ։ Նույն հաջողությամբ հարցաքննվող վկան կարող է հարցաքննությունից հետո մյուս վկային, ում ճանաչում է, պատմել, թե ինչ է ասել, ինչ հարցեր են տրվել։ Սա նախաքննություն չէ, որը որոշակի սահմանափակումներով է իրականացվում։ Հարգելի մեղադրող, Ձեր միջնորդությունը դատարանի կողմից մերժվում է։ Դատական նիստից հետո, թե ինչ ծավալով լուսաբանում տեղի կունենա, դա կախված է լրատվամիջոցի ներկայացուցչի հմտությունից և պրոֆեսիոնալիզմից»։

Դատարանը որոշեց՝ լրատվամիջոցները կարող են ձայնագրառումներ կատարել և լուսանկարել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30