Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոսի» դպրոցում դասեր չկան, փորձում են պարզել՝ ցնցումների պատճառը հարակից շինարարությունն է, թե դպրոցի վթարայնությունը

Սեպտեմբեր 10,2024 17:04

Երեւանի թիվ 172 դպրոցի, որը հայտնի է որպես «Փոսի» դպրոց, ծնողները օրերս տեղեկացել են դպրոցի աշխատակազմից, որ դասապրոցեսն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հեռավար է անցկացվելու: Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին ծնողները, իրենց դպրոցից ասել են, որ դասերն ընդհատվում են, քանի որ Օրբելի 23 հասցեում կատարվող շինարարական աշխատանքները հաճախ խանգարում եւ տատանումներ են առաջացնում դպրոցում։ Դպրոցի տնօրենը դիմել է քաղաքապետարան՝ ինժեներաերկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար։ Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին այդ դպրոցի աշակերտների ծնողները, այսօր «զում» հարթակի միջոցով են դասերն անցկացվել:

Սոցցանցերում արդեն քննարկումներ են ընթանում, որ դպրոցը հնարավոր է տեղափոխվի: Մարդիկ նաեւ ափսոսանք են հայտնում, որ քանդվել է հարեւանությամբ գտնվող հայտնի զինվորական հոսպիտալի շենքը. այդպես էր որոշել կառավարությունը, որոշումն էլ հաստատվել էր կառավարության 2020թ հուլիսյան նիստերից մեկում:

Դեռեւս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Երեւան քաղաքի զարգացման տեսլականով պայմանավորված` որոշում է ընդունվել հոսպիտալի շենքը ներկայացնել աճուրդի` տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Aravot.am-ին ընդամենը հետեւյալը փոխանցեցին. «Մեր տեղեկություններով՝ դպրոցը դեռեւս 90-ականներից ունի վթարայնության երրորդ աստիճան: Վերջերս տնօրենը դպրոցում գտնվելու ժամանակ ինչ-որ ցնցումներ է զգացել: Նրա ահազանգից հետո փրկարար ծառայության մասնագետները ժամանել եւ տեղում ուսումնասիրություններ են իրականացրել: Նախնական ուսումնասիրություններով՝ նրանք նպատակահարմար են գտել, որ անվտանգության եւ մյուս նկատառումներով երեխաների ներկայություն չլինի դպրոցում, դասապրոցեսը ներկայումս հեռավար իրականացվի: Եվ երբ քաղաքապետարանի կողմից համապատասխան մասնագիտական գործողություններն իրականացնեն, դրանից հետո պարզ կլինի դպրոցի ցնցումներն ինչի հետ են կապված՝ հարակից շինարարությա՞ն, 1990-ականներից սեյսմիկ վթարայնությա՞ն, թե մեկ այլ խնդրի հետ»:

Ըստ դպրոցի կայքում զետեղված տեղեկատվության՝ դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին: 1962 թվականին դպրոցը դարձել է Արաբկիր համայնքի անգլերեն թեքումով միակ դպրոցը: 1975-76 ուստարում կառուցվել է կից կառույց, որտեղ տեղավորվել են տարրական դասարանները: 1977 թվականին կից կառույցի հաշվին դպրոցը բաժանվել է երկու մասի՝ նոր մասնաշենքին տրվել է 78 համարը, հին դպրոցի շենքին, որտեղ մնացել է ուսուցիչների մեծամասնությունը, անգլերեն լեզվի թեքումը, տրվել է նոր համար՝ 172:

1995 թ դպրոցը դարձել է վարժարան: Յուրաքանչյուր տարի ԱՄՆ դեսպանության Ակցելսի ծրագրով կազմակերպված մրցույթի շուրջ 10 հաղթողներ դպրոցից մեկ տարով մեկնում էին ուսումնառության ԱՄՆ դպրոցներ: Սկսած 1998 թվականից, առաջիններից մեկը հանրապետությունում, հումանիտար և տնտեսական հոսքերում դասավանդվել է «Քաղաքացիական կրթություն» առարկան:

Մինչև 90-ականները դպրոցում գործում էր պլանշետային տիկնիկների պատրաստման ստուդիան: Այստեղ հիմնադրվել է մարիոնետների թատրոն, որը ինչպես հանրապետությունում, այնպես էլ ԱՊՀ Երկրներում միակն է: Հետագայում թատրոնն անվանակոչվել է հիմնադրի՝ Սաթենիկ Թոփուզյանի անվամբ:

1997 թ.Երևանի քաղաքապետարանի որոշմամբ դպրոցը անվանակոչվել է սփյուռքահայ մեծանուն գրող և մանկավարժ Հակոբ Օշականի անունով: 2000թ. հուլիսի 24-ին ԱՄՆ դեսպանատան եւ Ակցելս կազմակերպության հովանավորությամբ  բացվել է դպրոցի  համակարգչային կենտրոնը ՝ նվիրված հոկտեմբերի 27-ի զոհերից Լեոնարդ Պետրոսյանի հիշատակին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30