Shamshyan.com. Մի քանի օր շարունակ ոստիկանության, քննչական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվեց, այլ նաև հայտնաբերվել են կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել է առևանգման դրդապատճառը։
Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, որը ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։
Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և քննչական բաժինը պարզել են, թե որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան անվտանգ տեղափոխել են Երևան։
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, որն ի դեպ համաձայնել է գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։
Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։
Մեկ հոգի, որը Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն, որոնվում է։
Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։
Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգման օրը, երբ SHAMSHYAN.com-ը նշված դեպքի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, մի քանի անգամ հեռախոսազանգեր է ստացել Վաչիկ Ի․-ց, ով իր զայրույթն ու վրդովմունքն է հայտնել, ասելով․ «Էս ինչ երկրում ենք ապրում, մարդուն գան առավոտ շուտ լողավազանի միջից «կագեբե»-ի շորերով տանեն ու իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարողանում անել։ Բա էդ ուր են ոստիկանությունը, «կագեբե»-ն, քննչականը, անգամ պարեկները, որ չեն կարողանում բռնել։ Նիուժելի ասեղ էր էդ առևանգվածը, որ ընկերոջս կինն է, տեղներս չենք գտնում, բա էս իրավապահ համակարգը ավելի լավ չի գնա մեռնի, որ չեն կարողանում բռնեն»։
Իսկ մենք էլ նրան ասում էինք՝ հանգիստ նստի տեղդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչականը լավ էլ կբռնեն։ Նման դեպքեր են եղել, մի քանի օրերի հարց է, իսկ երբ նրան ասացինք , որ շատ է հետաքրքրվում, խառնվեց իրար ու ասում էր․ «Ախպեր ավելի լավ ա ոչ էլ հետաքրքրվեմ, չմտածեն թե ես կապ ունեմ», մինչդեռ պարզվում է, որ կազմակերպիչը հենց ինքն է եղել։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: