Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին նպաստել է շինարարության եւ առեւտրի ճյուղերի զգալի աճը. ԿԲ նախագահ

Սեպտեմբեր 10,2024 16:33

Կենտրոնական բանկում կայացած՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմայով ասուլիսում. ի թիվս այլնի՝ նշվեց, որ 2024թ սեպտեմբերի 10-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ գնաճի 4 % մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար:

2024 թ. երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ հուլիսին կազմելով 0.3%:

2024 թ. երրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր:

Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման եւ միջազգային ապրանքահումքային շուկայում գների տատանողականության ավելացման տեսանկյունից: Միաժամանակ գործընկեր երկրներում աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը վկայում է պահանջարկի միջավայրի կայունացման միտումների մասին:

Հավելվեց, որ այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կդիտարկեն դրամավարկային պայմանների աստիճանական թուլացում, դեռեւս, սակայն, պահպանելով զսպող դիրքը: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռ կպահպանվեն:

2024թ երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության եւ առեւտրի ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշակի կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ՝ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի ու սպառման հետագա միտումների վերաբերյալ. այս մասին կայացած ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Երբ խոսում ենք Հայաստանի տնտեսության մասին՝ նշում ենք, որ տնտեսական աճը բարձր է եղել՝ 6,4 % տնտեսական աճ ունենք երկրորդ եռամսյակի ավարտով, որը մեր պոտենցիալից բարձր է, գնահատում ենք, որ այդ ճեղքը գնալով փակվում է, բայց, այնուամենայնիվ, դեռևս շարունակում ենք մնալ պոտենցիալի նկատմամբ դրական տարածության մեջ»,-ասաց նա:

Լրագրողի՝ Հարկային օրենսգրքում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ այն հարցին, որ եթե նախկինում գործարարը թերացումներ էր ունենում հարկեր չվճարելու առումով, կարողանում էր ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե ընդունում էր սխալը եւ կատարում վճարումը, մինչդեռ հիմա ՊԵԿ-ը դիտարկում է հանել այդ խրախուսական կետը, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գործարար միջավայրի վրա եւ դրսից ներդրումների ներգրավման առումով, Մարտին Գալստյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ ԿԲ նախագահը այդ հարցի վերաբերյալ չպետք է մեկնաբանություն անի… Մենք այդ հարցը չենք քննարկել գործընկերների հետ, ավելին՝ դա մեր դաշտից դուրս հարց է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30