Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նանուշյանի՝ անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար

Սեպտեմբեր 10,2024 16:28

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղիանակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Լենա Նանուշյանի ներկայացմամբ ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված ՇՄԶ կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, գիտաժողովների: Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, եւ բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի: Սակայն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նոր ձեւավորվող մշակույթը, ըստ նախարարի տեղակալի, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձր մակարդակ:

Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:

Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը:

Լենա Նանուշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գործնական գիտելիքների զարգացմանն ուղղված Կառավարության կողմից իրականացվող հետեւողական, շարունակական աշխատանքների, օնլայն դասընթացների արդյունավետության վերաբերյալ:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը կարեւորել է պարտադիր դասընթացային ձեւաչափով անցկացվող դասընթացներին վերաբերող նախագծի ընդունումը: Ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որի նպատակն է ունենալ բարձր, որակյալ բժշկական սպասարկում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այս համատեքստում ընդգծվել է դասընթացների ավարտին գիտելիքների ստուգման համապատասխան թեստավորման անհրաժեշտությունը:

Եզրափակիչ ելույթում Հռիփսիմե Հունանյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտն անընդհատ կատարելագործվելու անհրաժեշտություն ունի:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը եւս մեկ անգամ ընդգծել է բուժաշխատողների պարտադիր դասընթացների անհրաժեշտությունն ու կարեւորությունը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30