«Ճանապարհի վերահսկման մեխանիզմների մասին, այո, խոսք եղել է այդ ժամանակ, բայց իրավիճակը ցույց է տվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլեւս գոյություն չունի՝ ըստ էության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության կետերից որեւէ մեկը այս պահին իրականացված չէ Ադրբեջանի եւ Ռուսաստանի դաշնության կողմից, ուստի, իր կարծիքով, այդ փաստաթղթի որեւէ կետի կատարում այլեւս քննարկելի չէ, առավել ևս այն համատեքստում, որ ՀՀ-ն որեւէ կետի կատարման հարցում թերացել է կամ չի կատարել։
Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին էլ, իշխող ուժի ներկայացուցիչն ասաց․ «Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով չի անցնելու արտատարածքային որեւէ ճանապարհ: ՀՀ-ում եղած ճանապարհի վրա վերահսկողությունն ո՞վ կիրականացնի, որոշելու է ՀՀ կառավարությունը: Որեւէ այլ երկրի վերահսկողություն չի կարող լինել այդ ճանապարհի վրա: Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որով Ռուսաստանը պետք է գա եւ վերահսկողություն իրականացնի: Այդպես մեկնաբանում է ռուսական կողմը, ինչին մենք բազմիցս արձագանքել ենք՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ»։
Այս համատեքստում՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածների վերադառնալու հնարավորությունների մասին էլ, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այս պահին տեսլական չունի, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են խաղաղ վերադառնալ, քանի որ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունն, ըստ էության, չկատարվեց․ «Ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն իրենց հողում, ինչպես որ պետք է տեղի ունենար հայտարարության տեքստով: Դա իշխանության ձախողումը չէ: Դուք տեսաք, որ Ադրբեջանը գնաց ռազմական գործողությունների, փորձեր արվեցին Հայաստանին նույնպես ներքաշել պատերազմի մեջ, որ Հայաստանի սահմաններին էլ պրոցեսներ տեղի ունենան»։
Իշխանական պատգամավորի դիտարկմամբ․ «Բոլոր նրանք, ովքեր հիմա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, արկածախնդիրներ են, փորձում են այդ գործընթացները գեներացնելով լարվածություն՝ Հայաստանի վզին նոր քաղաքական թոկ գցելու համար»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ