Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հարթ չի ընթանում, առկա են մի շարք չհամաձայնեցված դրույթներ, բայց խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկումներին այն մասին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը դեմ է արտահայտվել Հայաստանի առաջարկին՝ խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված դրույթներով ստորագրել, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակել։
«Մենք ժամանակ առ ժամանակ տարբեր հայտարարություններ ենք լսում Բաքվից, որոնց մեծ մասն ընդհանրապես կառուցողական չեն, չեն խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին։ Բայց ՀՀ-ն առնվազն շարունակում է առաջ տանել իր նարատիվները: Մենք շարունակում ենք համագործակցել մեր միջազգային գործընկերների հետ, իսկ Ադրբեջանի հետ առնվազն խոսակցություն ունենք: Փորձը ցույց է տալիս, որ եղել են օրինակներ, երբ Ադրբեջանի կողմից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց հետո մեզ ստացվել է որոշակի հաջողության հասնել»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ադրբեջանից հնչող նման հայտարարությունների պատճառների մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցությանը խառնվում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները եւս կարող են անդրադառնալ այդ խոսակցության վրա: Այլ երկրների ազդեցությամբ Ադրբեջանը կարող է այլ հռետորաբանություն դրսեւորել՝ սպասարկելով բոլորովին այլ երկրների շահերը, ինչը խանգարում է բանակցային գործընթացին»:
Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին խոսակցությունները իշխող ուժի ներկայացուցիչը համարում է «պատվիրված եւ կեղծ նարատիվ»՝ հիշեցնելով, որ ՔՊ-ն Սահմանադրության փոփոխության մասին խոսել է 2018 թվականից։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ