Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին եկան մարդիկ, որոնց համար արժեք էր Արցախը հանձնելը». Հովհաննես Իշխանյան

Սեպտեմբեր 10,2024 14:27

«Եթե Ալեն Սիմոնյանը նախկինում ասում էր՝ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, «ծափ տվեք, արա» եւ այլն, դա նրա համար էր, որ այն ժամանակ դրա կարիքը կար ասելու: Հիմա այս իշխանությունները հասել են նրան, որ ֆիզիկապես ցեղասպանության են ենթարկել Արցախի հայերին, տնից քշել են ու այլեւս Արցախում չեն գործում Արցախի ինստիտուտները: Այդ մի նպատակն իրականացվել է, արդեն կարող են անցնել հաջորդ գործողություններին, այն է՝ Արցախի ինստիտուտները վերացնելուն»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանում արված հայտարարություններին:

Նրա խոսքով. «Քաղաքացիական պայմանագրի» նպատակը բերում է ցեղասպանության: Իրենք սկզբում ինչ-որ միտք են ունեցել, որը «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ն էր կամ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը, եւ այդ քաղքենիական մտքերը, երբ իրականացվում են, արդյունքը տալիս է ցեղասպանությունը: Օրինակ, ժամանակին երիտթուրքերն էլ էին ուզում ստեղծել ազգային պետություն, որտեղ կլինեին միայն թուրքերը, իրենց չէին խանգարի հայերն ու հույները, ասորիները, եզդիները, ալիեւները եւ մյուսները, դրա համար իրենց քաղաքական նպատակը բերում էր ցեղասպանության: Հիմա նույնը սրանցն է…

Եթե այս պահին սրանք հասել են նրան, որ Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնեն (իսկ այդ ինստիտուտները գոյություն ունեն, որովհետեւ գոյություն ունի Արցախի ժողովուրդը, որն ինքնորոշվել է, ցանկացել է իր տարածքում իր իրավունքները պաշտպանելով ապրել), ուրեմն գալու է այն օրը, որ սրանք սկսելու են ֆիզիկապես էլ ոչնչացնել: Եթե այս պահին ՔՊ-ականներն ասում են, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է իրավապահներին հանձնվեն, ապա ինստիտուտների՝ իրավապահներին հանձնվելուց հետո արցախցիների հանդեպ են բռնաճնշումներ սկսելու՝ արցախցի լինելու, 077 կոդով անձնագիր ունենալու համար: Այս պահին իրենք ընդամենն ասում են մեր բռնի տեղահանված հայրենակիցները, բայց մի քանի տարի առաջ ասում էին՝ Արցախը Հայաստան է վերջ, ապագա ունի, ծափ տվեք»:

Հովհաննես Իշխանյանն ընդգծում է. «Խնդիրն այստեղ ավելի շատ արժեքաբանական է… Արժեքաբանական իմաստով Արցախը չափազանց թուլացել է, իսկ արժեքն այն է, երբ դու հավատում ես ինչ-որ բանի, տարածում ես քո հավատքը ուրիշների շրջանում, այդ արժեքը կրողները շատանում են… Արցախի պարագայում արժեքը մեծանում է, ուժեղանում է, երբ կա զոհաբերություն, դու ինչքան ես պատրաստ տալ հանուն այդ արժեքի: 90-ականներին մեր ծնողները եւ ավագ սերունդը պատրաստ էր զրկանքների ու անգամ կյանք էր տալիս այդ արժեքի՝ Արցախի համար… Իսկ 2018-ին եկան մարդիկ, որոնց համար արժեք էր Արցախը հանձնելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30