Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ չեն եղել, եղել է միակողմանի հրահանգավորում եւ միակողմանի զիջում․ որոշ դեպքերում դրանք փաստաթղթավորվել են, որոշ դեպքերում՝ ոչ․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունը քանիցս է հայտարարել իր քաղաքականությունը՝ զիջենք, որ ավելի վատ չլինի։ Սա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, խաղաղության չի բերելու։
Անդրադառնալով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման դեպքում մասնավոր պահնորդական ընկերությունների կողմից վերահսկողություն իրականացնելուն եւ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ պաշտոնյաները հայտարարում են՝ հայկական ուժերն էլ են վերահսկելու, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Կարող է կանգնեն մի կողմում՝ ծխեն»։
Ընդդիմադիր պատգամավորը դեմ է ՀՀ-Ադրբեջան ուղիղ բանակցություններին, նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն միջնորդական առաքելությունն է։ Իսկ արցախցիների հայրենադարձության հարցը, ըստ նրա, պետք է դառնա օրակարգային։
Կարդացեք նաև
«Ես ինձ իրավունք չեմ վերապահում վճռել Արցախի եւ արցախցիների ճակատագիրը։ Կան արցախյան իշխանություններ, այդ հարցը պետք է նրանց ուղղեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ պայմաններով է պատկերացնում արցախցիների վերադարձը։
Արթուր Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրած մեծամասնությունն ԱԺ-ում նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին․ «Եվ ես երբեք Արայիկ Հարությունյանի կողմից չեմ լսել, որ տեղի է ունեցել հեղաշրջում, ինչը շեփորահարում են այս իշխանությունները (այդ մասին երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր խոսել-Ն․ Գ․)։ Արցախի հանրապետության գլխավոր պաշտոնյան, այդ պահին, կամավոր հրաժարվել էր իր պարտականություններն իրականացնելուց։ Մարդը բանտում է, չեմ ցանկանում բաներ խոսել, բայց երկրի նախագահը, այդ պահին, փոխարենը հարցեր լուծեր, իջել էր բակ՝ նստել էր վրանում»։
Արթուր Խաչատրյանը նաեւ նկատում է՝ Սամվել Շահրամանյանի գալով իշխանության, որոշ հնարավորություններ եղան, մեկ-երկու մեքենա բեռ տեղափոխվեց Արցախ։ Հարցին՝ ինչո՞ւ չօգտագործվեցին ավելի մեծ հնարավորությունները, որոնք կային Արայիկ Հարությունյանի նախագահության օրոք, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Տա Աստված, մի օր Արայիկ Հարությունյանը գա Երեւան, իսկ ավելի լավ՝ Ստեփանակերտ ու Շուշի, այդ հարցերն իրեն կուղղեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ