Այսօր՝ վաղ առավոտից, Քասախ գյուղի բնակիչները փակել են Երեւան-Աշտարակ ճանապարհը:
Նրանք դժգոհ են Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի երեկվա որոշումից:
Երեկ ավագանու նիստում Սարգսյանի որոշմամբ՝ չեղարկվել է գյուղատնտեսական նշանակության հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը:
Կարդացեք նաև
Քասախի բնակիչները՝ փակելով հանրապետական նշանակության ճանապարհը, հանդիպում են պահանջում Սարգսյանի հետ:
Բնակիչներն անհաղորդ մնացին ոստիկանների հորդորներին՝ գոնե մի գծով ճանապարհը բացելու վերաբերյալ, ինչից հետո մի խումբ ոստիկաններ, ձեռքերով տեղաշարժեցին որոշ մեքենաներ: Ավելի ուշ քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու համար որոշ ցուցարարներ Ոստիկանություն տարվեցին:
Նորայր Սարգսյանը ցուցարարների պահանջով ցույցի անցկացման վայր չի ժամանել, փոխարենը դեպքի վայրում է Քասախ գյուղի ղեկավար Արտակ Թովմասյանը: Լրագրողի հարցին, թե կապվե՞լ է Նաիրի համայնքի ղեկավար Սարգսյանի հետ, Թովմասյանը պատասխանեց՝ այո. «Ինքը ինչի՞ ներկայանա, ես պարոն Սարգսյանի ներկայացուցիչն եմ: Ես պատասխանում եմ, որ հարցը համապատասխան մարմինների հետ քննարկվել ու լուծում է ստանալու: Սա արհեստական շոու է, էդքան բան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ