«Հարցերը պետք է ուղղել ԱԳՆ, ոչ թե անորոշ մուննաթ գալ այս ամբիոնից»,- խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելը, որի նպատակը ՏԻՄ-երում, կազմակերպություններում, իրավական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի բարձրացումն է՝ գաղտնի տեղեկությունների արտահոսքը կանխելու համար։
«Ինչի՞ չի պատժվում այն մարդը, որը օրենք է խախտել ու այդ թույլտվությունը հիմա չի տալիս, ինչը շա՜տ պատահական համընկել է ադրբեջանական վայնասունի հետ»,- ԱԱԾ տնօրենի տեղակալին հարցրել էր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիր չորս պատգամավորներին ՀՀ ԱԳՆ-ն թույլտվություն էր տվել՝ ծանոթանալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստերի որոշ դրույթների։
«Ադրբեջանում վայնասուն բարձրացվեց, թե ռեւանշիստներին թույլ են տվել ծանոթանալ․ դա ինչ-որ կերպ կանոնակարգվո՞ւմ է, ո՞վ կարող է որոշել, թե՞ կամայական է՝ ԱԳՆ-ն վատ տրամադրություն ունեցավ՝ կասի չեմ թողնում»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը կարգավորում է տվյալ դեպքերը, իսկ պատգամավորի մնացած հարցերն ու դիտարկումները հիպոթետիկ են ու ինքը չի արձագանքի։
«Եթե այդ փաստաթղթերին մեր ծանոթանալը գաղտնիության մակարդակից վեր էր, այն մարդը, որը թույլ է տվել ծանոթանալ՝ պետք է պատժվեր, եթե մենք ծանոթանալով, արտահոսք ենք թույլ տվել, մենք պետք է պատժվենք, եթե մարդը, որը կամայական այժմ թույլ չի տալիս՝ պիտի պատժվի»,- գտնում է Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ