Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն անդրադարձավ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկին, որով նախատեսվում է Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնել։
«Ինչպես գիտեք՝ 4 օր առաջ իշխող խմբավորումը՝ իբրեւ հրատապ եւ անհետաձգելի հարց, ավագանու օրակարգում է ներառել իմ՝ որպես Երեւանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու պարոն Ավինյանի հրատապությունը եւ անհետաձգելիությունը, բայց պարոն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնելու, այսօր այս նախագծով դա անել հնարավոր չէ»,- ասաց նա։ Նա նշեց, որ իրեն մանդատից զրկելու հիմքերը կեղծ են։
«Առաջարկում եմ իրավական ուժ չունեցող կեղծ այս նախագիծը եւ 24-րդ հարցը օրակարգից հանել, պահանջելու եմ իրավապահ մարմիններից՝ պարզել, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, եւ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, ովքեր դրա տակ ստորագրել են։ «Առաջարկում եմ ավագանու պարկեշտ անդամներին կողմ քվեարկել իմ առաջարկին, որովհետեւ դուք մաս չպիտի դառնաք մի գործընթացի, որը կեղծ է։ Պարոն Թոխյանին առաջարկելու եմ վայր դնել իր մանդատը, որովհետեւ լինելով իրավական հանձնաժողովի նախագահ՝ ինքը բերել է իրավական ուժ չունեցող եւ կեղծ փաստաթուղթ»,- ասաց նա։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Պարոն Երիցյանը բացակայել է իրավական հարցերի հանձնաժողովի 7 նիստերից 6-ից։ Իրավական այս հիմքերը՝ 6 նիստից բացակայելը նույնպես առանձին հիմք է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանն ասաց․ «Պարոն Երիցյանի պնդումը, որ այստեղ կա իրավական խախտում, պարզ մանիպուլյացիա է»։
Նա ներկայացրեց որոշման իրավական հիմքերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ