Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքում հասկանում են, որ Փաշինյանի կառավարությունը 2 աթոռի վրա նստելու հատկութուն ունի. Անդրիաս Ղուկասյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2024 10:52

Հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին եւ ԱՊՀ հավաքին Փաշինյանի մասնակցելու որոշումը հաստատում է այն տեսակետը, որ արեւմտյան վեկտորը դրոշակ սարքած Փաշինյանի իշխանությունը չի ուզում ամբողջովին խզել կապերը Ռուսաստանի հետ՝ որքան էլ իշխանական ու մերձիշխանական քարոզիչները Հայաստանի բոլոր ձախողումների համար մեղավոր կարգեն Մոսկվային ու թուքումուր լցնեն ՀԱՊԿ-ի գլխին։

Արեւմտամետ դիրքավորված Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Կազան մեկնելու որոշումը Մոսկվային Փաշինյանի լոյալության հերթական դրսեւորումն է, որը, ըստ նրա, չի կարող նպաստել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում վստահության ամրապնդմանը։ «Ինձ թվում է՝ Արեւմուտքում հասկանում են, որ Փաշինյանի կառավարությունը 2 աթոռի վրա նստելու հատկութուն ունի, եւ յուրաքանչյուր նման քայլ թուլացնում է վստահությունն այդ կառավարության նկատմամբ»,- ասում է Ղուկասյանը։ Այս գործելաոճին Արեւմուտքի արձագանքը, ըստ մեր զրուցակցի, հոկտեմբեր-նոյեմբերին կարող է տեսանելի լինել, քանի որ միջազգային դասավորությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ում եւ Վրաստանում ընտրություններով, հենց այդ ժամանակ է հստակեցվելու։

ԲՌԻԿՍ-ին Փաշինյանի մասնակցությունը, բացի Մոսկվային ուղղված հավատարմությունից, Անդրիաս Ղուկասյանը մեկ այլ լույսի ներքո է մեկնաբանում՝ համաժողովին Էրդողանի ու Ալիեւի մակարդակով մասնակցելու են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը, եւ բացառված չէ, որ Կազանում Փաշինյան-Ալիեւ շփումներ լինեն։ «Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու խնդիր կա, այնտեղ, հավանաբար, կարող է լինել Ալիեւ-Փաշինյան հանդիպում»,- ասում է Ղուկասյանը։

«Տեսանելի է, որ Ալիեւն օժանդակության կարիք ունի՝ իր դեմ քրեական հետապնդումների վտանգներ են առաջանում, հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ զեկույցներ պատրաստեցին ու հայտարարեցին, թե կան ապացույցներ, ո Արցախում տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Օրեր առաջ լուրջ էքսպերտային համայնք համատեղ բանաձեւով հանդես եկավ, որով Արցախում տեղի ունեցածը ճանաչում են իբրեւ ցեղասպանություն, եւ հիմա կա կարիք Ալիեւին փրկելու։ Ռուսաստանի համար դա կարեւոր է, իսկ Հայաստանը սպասարկում է այդ քաղաքականությունը»,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30