Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»:
Դա քիչ համարելով՝ մի հատ էլ գրառման ներքո մեկնաբանել է. «Հաց բառը տվյալ տեքստում կարելի է ընկալել որպես բայ»: Հա, հենց այդպես՝ բայ: Ինչ-որ մեկը Փաշինյանին թյուրիմացության մեջ է գցել: Հա, նախօրոք նշենք. տեսել ենք, որ երևի կանխատեսելով ծաղրական ակնարկները՝ Փաշինյանը մի առանձին ստատուսային տրակտատ էլ գրել էր «հացել» (ճաշելու իմաստով) բայի գոյության մասին: Բայց հայոց լեզվի իմացության հարցը դնենք մի կողմ, դա էական չէ:
Էական չէ նույնիսկ այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բաներ անում. դրան առանձին անդրադարձել ենք՝ նշելով, որ նրան ու իր թիմին պետք է «քլնգոց ուտել» մանր-մունր բաների համար, որ խոշոր մեղքերի համար, իր խոսքերով ասած, իրենց «դավաճան չասեն»: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա: Փաստացի «որտեղ հաց, այնտեղ կաց» անընդունելի ասույթը մի փոքր ձևափոխված «այստեղ հաց, այստեղ կաց»-ը պարզ ստամոքսամտության ճիչ է: Ավելին, սա հենց ստամոքսամտություն է՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի: Ավելի ստույգ՝ սա ծաղր է հայ ժողովրդի, հայ հասարակության, «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Ու սա նորություն չէ: Տեսեք, թե՛ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, թե՛ հատկապես այս վերջին շրջանում Փաշինյանը և նրա քպականները հետևողականորեն քարոզում են, որ Հայաստանում բնակվողները գոյություն ունեն բացառապես օրվա հացի, կուշտ փորով ուտելու և էլ ոչ մի բանի մասին չմտածելու համար:
«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում