«Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը և մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»,- նշել է դեսպանը։
ԵՄ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկն ուժեղ ազդանշան է ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից Բրյուսելի ու Երևանի միջև առանց այն էլ ամուր գործընկերության խորացման վճռականության մասին:
Այս երկխոսության նպատակը ԵՄ-ում կարճաժամկետ մնալու համար ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի մշտական վերացումն է, երբ Հայաստանի իշխանությունները զգալի բարեփոխումներ իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգը և անվտանգությունը, ազատ տեղաշարժի հետ կապված հիմնական իրավունքները։
Կարդացեք նաև
Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների հետ փորձը՝ Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ վերահսկելու բարեփոխումների առաջընթացը և զարգացումները:
Նշվում է նաև, որ Մարգարիտիս Սխինասն այս այցի ընթացքում Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ կքննարկի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում վերջին շրջանում գրանցված զգալի առաջընթացը և դրա խորացման հեռանկարները:
Happy to welcome @EU_Commission Vice-President @MargSchinas in 🇦🇲 for talks with @President_Arm Vahagn Khachaturyan, Prime Minister @NikolPashinyan & MFA @AraratMirzoyan on strengthened 🇪🇺🇦🇲partnership & launch of 🇪🇺🇦🇲 Visa Liberalisation Dialogue! 👉https://t.co/V5QCFczilL 🇪🇺🇦🇲 pic.twitter.com/hvF9zpjLWd
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) September 9, 2024