Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 09,2024 14:01

«Փաստինֆո». ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով վերդիկտը, համաձայն որի՝ մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը և Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։ Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է։ Նա մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և խոշոր չափերով։

Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ) վերաորակվել է ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:

Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ:

Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին:

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն:

Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-3112-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30