Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրիկ Հայաստան․ ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ. Աղասի Թավադյան

Սեպտեմբեր 09,2024 12:38

Հայաստանի էլեկտրականության արտադրության վերլուծություն և կանխատեսում

Վերջին ամիսներին Երևանում նկատվում են էլեկտրականության մատակարարման հաճախակի անջատումներ, հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Այս անջատումները խաթարել են ոչ միայն բնականոն աշխատանքի և երթևեկության ընթացքը, այլ նաև մասսայական միջոցառումներ և կառավարության նիստը։ Այս ամենը նույնիսկ «հովհարային անջատումների» տպավորություն թողեց։ Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) այս անջատումները հիմնականում պայմանավորված էին Երևանում շինարարական և ճանապարհային աշխատանքներով։ Ըստ ՀԷՑ ներկայացված տվյալների՝ էլեկտրական մալուխները վնասվել են 31 տոկոս կամ 1569֊ից 492 դեպքում այլ կազմակերպությունների ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում։ Սակայն ըստ ՀԷՑ-ի տվյալների մնացած 69 տոկոսը վնասվել է հենց ՀԷՑ-ի կողմից:

Գծապատկեր 1.

Այս վերլուծությունը ուսումնասիրում է Հայաստանի էլեկտրական ցանցերի արդի վիճակը, էլեկտրականության արտադրությունը, ինչպես նաև տալիս է 2 տարվա կանխատեսում։ Հիմնական բացահայտումները ներառում են արևային էներգիայի արտադրության զգալի աճը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանների արտադրության նվազումը։

2024թ. հուլիսի դրությամբ արևային էլեկտրակայանները կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության 10.1 տոկոսը:

Երկրորդ գծապատկերում երևում է էլեկտրականության արտադրությունն ըստ հիմնական աղբյուրների։ Այս գծապատկերը արտացոլում է էլեկտրականության տարեկան արտադրությունը՝ ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերի ստորին հատվածում տրված են յուրաքանչյուր տարվա արտարդրության տոկոսային կշիռները: Այսպես, 2015-ին էլ. արտադրության 35 տոկոսը ապահովել է ՋԷԿ-ը, 32-ը՝ ՀԱԷԿ-ը և 28-ը՝ ՀԷԿ-ը: 2024-ի հուլիսի դրությամբ արդեն համապատասխանաբար՝ 39, 31, 20, իսկ արևային էլեկտրակայանները՝ արդեն 10.1 տոկոսը:

Գծապատկեր 2.

Արևային էներգիայի կարևորությունը

Ծովային ելք չունեցող Հայաստանի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան դառնում է առանցքային՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Նախ արևային էներգիան ապահովում է էներգիայի ապակենտրոնացված աղբյուր՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին մատակարարներից և բարելավելով էներգետիկ անվտանգությունը: Նշենք, որ 2023 թվականին 42 տոկոսը կամ 3 715.6 մլն կՎտ ժամը արտադրվել էր ՋԷԿ-ի կողմից, որը օգտագործում է Ռուսաստանից ներմուծված գազ էլեկտրականության արտադրման համար և ներքին շուկայում ամենաթանկ էլեկտրականության աղբյուրն է: Օգտագործելով արևի էներգիան՝ Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել իր խոցելիությունը աշխարհաքաղաքական լարվածություններից, գների տատանումների և ներմուծվող գազի հետ կապված մատակարարման խափանումներից:

Գծապատկեր 3.

Գծապատկերը արտացոլում է նաև 2024 և 2025 թվականի կանխատեսումները 2 մոդելներով (AUTO.ARIMA և BATS)՝ տալով նաև անորոշության միջակայքը: Ըստ 2 մոդելով կանխատեսման արևային էլեկտրակայանները հզորությունը շարունակում է աճել։ 2024 թվականի վերջին արտադրված էլեկտրականության 12-16 տոկոսը տրամադրելու են արևային էլեկտրակայանները։ Հնարավար է որ 2025 թվականի վերջին արևային էլեկտրակայանների էլեկտրաէներգիայր արտադրությունը գերազանցի հիդրոէլեկտրոկայանների արտադրությունը։ Այսպես` ըստ կանխատեսումներից մեկի 2025 թվականին արևային էլեկտրաէներգիան կազմելու է ամբողջ արտադրության 19 տոկոսը։

Աճի հետ կապված մարտահրավերներ

Նշենք, որ այս աճը որոշակի խնդիրներ կարող է բերել, այսպես արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը ունի օրական և տարեկան սեզոնայնությունը։ Պիկային արտադրության ժամը կեսօրին է, սակայն պիկային սպառման ժամը՝ երեկոյան, երբ արևը արդեն մայր է մտնում։ Ավել աճի պարագայում պետք է լուծել հավելյալ արտադրված էլեկտրականության մարտկոցային պահպանման կամ այլ միջազգային ցանցերին միանալու հարցը, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրությունը և սպառումը բալանսավորված լինեն։

Գծապատկեր 4.

4-րդ գծապատկերում ցուցադրված են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ամսական ծավալները` ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերում տրված է նաև 2 տարվա կանխատեսումը մինչև 2026 թվականի հունիսը:

Հիմնական միտումներ

  • Հրազդանի ՋԷԿ-ը, որը այս պահին արտադրում է ամենաշատ էլեկտրաէներգիան, ունի անփոփոխ միտում: Ընդհանուր այս ոլորտում էլեկտրականության արտադրության փոփոխություններ չեն սպասվում:
  • Գծապատկերում երևում է Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային սեզոնային անջատումները, որոնք 2016 թվականից ի վեր պլանային անջատումներ են` ուղղված ատոմակայանի վերագործարկման և ժամկետի երկարացմանը: Նշենք, որ 2024 թվականի հունիս֊հուլիս ամիսներին ՀԱԷԿ-ը պլանային չի աշխատել։
  • Հիդրոէլեկտրակայանների արտադրությունը ունի նվազման միտում: Եթե 2017 թվականին միջինը ամսական արտադրվում էր մոտ 200 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ապա 2023-ին՝ ամսեկան արդեն մոտ 150 մլն կՎտ ժամ: Սա որոշակի մտահոգություն է առաջացնում վերականգնվող էլեկտրականության աճի ապահովվման տեսանկյունից։ Այստեղ տենդենցը կախված է ջրառի սեզոնայնությամբ, որը արտացոլվում է նաև կանխատեսումների մեջ:
  • Հայաստանը վերջին տարիներին գտնվում էր արևային էլեկտրաէներգիայի էքսպոնենցիալ աճի կորի վրա։ Այս աճը դեռևս շարունակվելու է։ Արևային էլեկտրակայանները դառնում են էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը։

Գծապատկեր 5.

Վերջին գծապատկերը արտացոլում է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների մեջ էլեկտրաէներգիայի արտադրությունը ընթացիկ գներով։ Գծապատկերը տրված է տարեկան կտրվածքով։ Այստեղ, ինչպես նաև մեր այլ վերլուծություններում, երևում է էլեկտրականության արտադրության սրընթաց աճը 2022 թվականին։ Ընդհանուր էլեկտրականության արտադրության ծավալը դրամով աճել է 18.3% 2022 թվականին (227.2 մլրդ դրամից մինչև 268.8 մլրդ դրամ), որը արտացոլում էր տնտեսության աճը Ռուսաստանից զգալի կապիտալ ներհոսքին համահունչ և շինարարության զգալի աճը։ 2023 թվականին արդեն գրանցվել է 4.4% անկում՝ մինչև 256.9 մլրդ դրամ, որը նույնպես ցույց է տալիս, որ 2022 թվականի զգալի աճը ուներ ժամանակավոր միտում։ 2024 թվականից արդեն առկա է էլեկտէներգիայի արտադրության աճ։

Եզրակացություն

Աշխարհում առկա է էլեկտրական մեքենաներին և ջեռուցման վերականգնողական միջոցներին անցնելու միտում։ Բնակարանների տաքացման ու մեքենաների լիցքավորման զգալի մասը հնարավոր է, որ ապագայում կատարվելու է էլեկտրականությամբ: Վերջինս կբարձրացնի էլեկտրականության հանդեպ պահանջարկը և այս պարագայում տնային տնտեսությունների սպառման աճը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սակայն, սա կարող է սթրեսի ենթարկել Հայաստանի էներգետիկ համակարգը, քանի որ, եթե տնային տնտեսությունների մեծամասնությունը անցում կատարի էլեկտրական մեքենաներին և էլեկտրականությամբ ջեռուցման, ապա սա կարող է կմեծացնել էլեկտրաէներգիայի պահանջարկը մոտ 2 անգամ, որի ենթակառուցվածքային հնարավորությունները այս պահին Հայաստանը չունի: Պահանջարկի և առաջարկի հնարավոր կրկնապատկումը կարող է լարվածության տակ դնել էլեկտրական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ է հրատապ թարմացնել: Այս ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է մեծացնել արտադրական հզորությունները և էլեկտրաֆիկացման ենթակառուցվածքների քանակությունը: Այսպես, պետք է որոշակի պլան ներդրված լինի, որ մի քանի տարում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքները պատրաստ լինեն ապահովել տարեկան 18 000 մլն կՎտ ժամ հոսանք:

* 2023 թվականից առկա է արևային էլեկտրականության արտադրության հաշվարկային փոփոխություն։ Արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունները։ Սա հաշվի առնելու համար մինչև 2023 թվականի արևային էլեկտրականության արտադրության ցուցանիշները ճշգրտվել են։

Աղասի Թավադյան,
էլեկտրիկ Հայաստան Ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30