«Շատ փակագծեր բացել չեմ կարող, հանդիպում, քննարկում է եղել, լայն սպեկտրի, աշխարհաքաղաքական և մեր հետագա անելիքների մասին հարցեր են քննարկվել»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հարցեր են քննարկվել այսօր կայացած Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ հանդիպմանը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ Սրբազան շարժումը տեղեկություն էր տարածել, որ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ։
Գառնիկ Դանիելյանն ասաց՝ հանդիպումները պարբերական բնույթ են կրում․ ամիսը մեկ-երկու անգամ առնվազն դրանք լինում են․ «Կարևոր է, որ նաև կուսակցությունների ղեկավար կազմը և Սրբազան պայքարի առաջնորդներն ու Սրբազան հայրը կարողանան քննարկել և ստեղծված իրավիճակին ճիշտ լուծումներ գտնել։ Այն ամենն, ինչի առաջ կանգնած է մեր պետությունը՝ լրջագույն մարտահրավերներ, այս հանդիպում-քննարկումները կարևոր են, քանի որ օր օրի օղակը սեղմվում է, և մենք տեսնում ենք, որ թշնամին նորանոր պահանջներ է ներկայացնում։ Ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով ու լուծումներով կարող ենք դուրս գալ»։
Հետաքրքրվեցինք՝ հասարակությանը շատ են հուզում «թեժ աշնան» հետ կապված հարցերը ու հարցրինք՝ շարժման՝ ավելի ակտիվ փուլի մասին հարցեր քննարկվե՞լ են, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Մենք և′ ամբողջ ամառվա ընթացքում, և′ այս աշնանային հատվածում, որ սկսվել է, ամեն օր կամ հավաք ենք ունենում, կամ քննարկում, այսինքն՝ ամեն ուղղությամբ աշխատում ենք, այնպես չէ, որ ձեռքներս ծավալ նստում ենք։ Մեր հաջորդ հանգրվանն ավելի մեծ ու ավելի մասշտաբային առումով սեպտեմբերի 22-ի Մարզահամերգային համալիրում մեր ակտիվի հավաքն է։ Կարծում եմ՝ այս անգամ իրենց խոստումը կկատարեն, ու այդ տարածքը կտրամադրեն ակտիվի հավաքի համար։ Հիմա մենք նոր փուլի մեջ ենք, որը կարևոր է և′ շարժման համար, և′ մեր պետության ու երկրի։ Շատ կարևոր է, որ սեպտեմբերի 22-ին ընդառաջ այդ համախմբումն ապահովենք, նաև այդ օրը մեծ առումով ասելիք կա և ուղերձներ»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այս պահին կա՞ հստակ պայմանավորվածություն Մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Ես կապի մեջ եմ եղել այն ժամանակ։ Մի քանի անգամ պայմանավորվածություն է եղել, չի կայացել հանդիպումը, դրանից հետո շարժման հետ կապ են հաստատել, ասել են, որ ամսի 7-ին չեն կարող, շարժումն ասել է, թե որ օրը կարող եք տարածք տրամադրել, խոստացել են սեպտեմբերի 22-ի հետ կապված տարածք տրամադրել։ Երկրորդ պայմանավորվածությունն ինձ հետ չի եղել։ Նաև լրատվամիջոցների․ մեր ճնշման արդյունքում համաձայնել են ամսի 22-ի հետ կապված։ Պայմանավորվածություն կա, որ ամսի 22-ին պիտի տրամադրեն, բայց դա էլ երաշխիք չէ, որովհետև ամսի 2-ին էր կնքած պայմանագիր Համալիրի հետ՝ Արցախի օրվա հետ կապված միջոցառման համար, որ Դաշնակցությունը կազմակերպում էր, բայց համալիրը կնքված պայմանագիրը չեղարկեց։ Ամսի 22-ն էլ երկաթյա երաշխիքներ չի տալիս, որ ինչ-որ մի պահի նորից էլի հրաժարվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ