Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատանի շախմատիստները հաղթել են ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում

Սեպտեմբեր 08,2024 17:35

Սան Դիեգոյում անցկացված 45th Annual Southern California Open ավանդական մրցաշարում, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում նշվող Աշխատանքի օրվա կապակցությամբ, փայլուն մասնակցություն են ունեցել Երեւանի Դավթաշեն համայնքի շախմատի դպրոցի սաներ, ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Ռոստոմյանը եւ Ֆելիքս Թոխյանը:

Միքայելը, որ հանդես է եկել հիմնական խմբում, 54 մասնակիցների շրջանում շվեյցարական մրցակարգով անցկացված պայքարում վեց հնարավորից վաստակել է 5,0 միավոր եւ միանձնյա նվաճել է հաղթողի կոչումը: Ընդ որում, շնորհալի շախմատիստը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում իրենից հետ է թողել գրոսմայստերի եւ երկու միջազգային վարպետների:

Մասնագետների գնահատմամբ, Միքայելի այս հաղթանակը պատահականություն չէ: Նա դարձել է 2024 թվականի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների փոխչեմպիոն՝ նաեւ նվաճելով Հայաստանը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ներկայացնելու իրավունք, իսկ 2023 թվականին հավասարը չի ունեցել Առաջին Հանրապետության օրվան նվիրված կայծակնային շախմատի մրցաշարում՝ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք՝ 9 հնարավորից 9,0 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ֆելիքս Թոխյանը, մասնակցել է մինչեւ 2200 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարին, նույնպես վեց տուրում կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ինչը եւս կարեւոր ձեռքբերում է նրա՝ նոր սկսվող շախմատային կարիերայում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30