Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքրքիր մարտահրավեր է տարբեր միջավայրերում դրսեւորվելը. Հասմիկ Հարությունյան

Սեպտեմբեր 08,2024 16:30

Կոմպոզիտոր Հասմիկ Հարությունյանը տարբեր ժանրերում ստեղծագործող տաղանդավոր երաժիշտ է, որն իր կարիերայի ընթացքում ներդրել է նշանակալի ավանդ ոլորտում՝ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Հայաստանում աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս, այնուհետեւ տնօրենի տեղակալ, իսկ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես կոմպոզիցիայի դասատու։

Հասմիկ Հարությունյանի մի շարք ստեղծագործություններ բարձր գնահատանքի են արժանացել ինչպես մասնագիտական շրջանակների, այնպես էլ լայն հանրության կողմից, դրանց թվում են՝ Դաշնամուրային տրիոն՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին եւ, պատվիրված է Lilith Ensemble-ի կողմից (Նիդերլանդներ), « Ծովերը»՝ դուդուկի համար, պատվիրված անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կողմից, «Անկանիմ առաձին քո»-ն ֆլեյտայի և դաշնամուրի համար՝ պատվիրված է  North German Radio, NDR Norddeutscher Rundfunk-ի կողմից, Underground սիմֆոնիան։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները մշտապես զբաղեցրել են բարձր հորիզոնականներ՝ հանրապետական եւ միջազգային մրցույթներում, այդ թվում՝ Բուդապեշտում կայացած ամենամյա Hungarian Fest Arena մրցույթում, (2017թ․,2018թթ․): Նշենք, որ 2017 թ․-ին ժյուրիի նախագահը եղել է 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ Քշիշտով Պենդերեցկին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները հայտնվել են բարձր  հորիզոնականներում նաեւ «Փարիզյան կամուրջներ» (2015թ, 2023թ.),  եւ Վերածնունդ» միջազգային մրցույթներում (2012թ, 2016թ․) և այլն։

2023թ․-ից առ այսօր կոմպոզիտորն աշխատում է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի  Միջազգային երաժշտական  դպրոցում (այժմ՝ Կրոսչենդո)  որպես կոմպոզիցիայի դասատու, գրում է երգեր դպրոցի երգչախմբի համար։ Ապրելով եւ ստեղծագործելով ԱՄՆ-ում՝ նա ներկայումս ծավալում է մասնագիտական ակտիվ գործունեություն՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը միջազգային ասպարեզում։ Հասմիկ Հարությունյանը բազմիցս եղել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթների ժյուրիի անդամ։

«Ամերիկայում աշխատելով եւ ստեղծագործելով՝ նոր հնարավորություններ են բացվել իմ առջեւ: Հետաքրքիր մարտահրավեր է տարբեր միջավայրերում դրսեւորվելը: Յուրաքանչյուր միջավայր իր ճաշակն ու արժեհամակարգն ունի, ու ես այդ բազմազանության մեջ փորձում եմ գտնել իմ ներդաշնակությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը:

Անդրադարձավ նախորդ տարի Կոմիտասին նվիրված նախագծերին իր մասնակցությանը: Նշեց, որ դրանցից մեկում ներգրավված էին տարբեր ազգերի երաժիշտներ, ամեն մեկը ներկայացնում էր իր ազգայինը, սակայն մի ընդհանուր մշակման մեջ էլ հայկականը էլեկտրոնային երաժշտության  տարրերի հետ էին ձուլել, ու հետաքրքիր մեկնաբանություն էր ստացվել. «Նախագիծը թույլ տվեց զգալու մշակույթների համադրությունը, այն ջերմ ընդունելության արժանացավ տարբեր  համերգներում:  «Կոմիտասյան ղողանջներ» խորագրով համերգ ենք ունեցել նաեւ Գլենդելի Սուրբ Մարամ հայ առաքելական եկեղեցում, մշակումները ես էի կատարել, համերգը ղեկավարում էր տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանը»:

Քանի որ Հասմիկ Հարությունյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում, հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, սակայն նրան ավելի հոգեհարազատ է մանկական ու պատանեկան երգերի ժանրը, հետաքրքրվեցինք՝ բարդ չէ՞ երեխաների համար ստեղծագործելը: Կոմպոզիտորի ձեւակերպմամբ, երեխաները պետք է կատարեն եւ լսեն ստեղծագործություններ, որոնք գրված են հատուկ իրենց համար, մանուկների շուրթերից պետք է հնչի մանկականը: Նրա խոսքով, մանուկների համար ավելի բարդ է ստեղծագործելը, որովհետեւ կոմպոզիտորը պետք է կարողանա մանուկների ներաշխարհը ներթափանցել եւ աշխարհին նայել նրանց աչքերով:

«Ես Հայաստանում որպես կոմպոզիտոր համագործակցել եմ «Արեւիկ››՝ (այժմ «Արեւներ») մանկապատանեկան անսամբլի հետ( ղեկավար Արմեն Դիվանյան՝այժմ Արփինե Հովհաննիսյան): Հենց Արմեն Դիվանյանի մտահղացումն էր կազմակերպել հեռուստատեսային մրցույթ փառատոն, որի շրջանակներում  պիտի գրվեին երգեր հատուկ երեխաների համար ու կարգախոսն էլ հենց դա էր՝ «Գրեք երգեր մեզ համար»: Արդյունքում բազմաթիվ երգեր ծնվեցին այդ փառատոնի շրջանակներում, որոնցով մասնակցեցի բազմաթիվ մրցույթների ու մրցանակների արժանացա: «Արեւների» հետ իմ համագործակցությունը շարունակվում է մինչ այժմ, խմբի կատարմամբ իմ երգերը աշխարհի շուրջ 10 երկրում են ներկայացվել, մրցանակների ու բարձր գնահատականների արժանացել, մասնավորապես Ամերիկայում (American Charm ), Ֆրանսիայում (Art Marathon In France ), Գերմանիայում (Art Marathon In Germany), Հունաստանում (Art Marathon In Greece ), Ավստրալիայում (Under The Skies Of Australia), Իսպանիայում (Paints Of The Spanish), Անգլիայում (Welcome To England), Արգենտինայում (Argentine Cathering), Կանադայում (Welcome To Canada), Իտալիայում (Art Marathon In Italy), ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում «Արեւների» շրջագայությունների ընթացքում։

Մեր զրույցի ժամանակ խոսելով մանկական երգի ժանրի մասին՝ կոմպոզիտորը նշեց, որ անցյալ տարի նշվել է  Գլենդելի միջազգային դպրոցի 30-ամյակը, հոբելյանական համերգի ընթացքում հնչել է իր  «Մանկության մոլորակ» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար:  Որպես կոմպոզիտոր համագործակցում է  «Համազգային Արևմտյան ԱՄՆ Նաիրյան» երգչախմբի հետ (դիրիժոր` Լուսինե Մելիքսեթյան), «Հայ Արտ» մանկապատանեկան ակադեմիայի հետ՝ Նեկտարինե Չիլյանի ղեկավարությամբ,  ստեղծելով երգեր եւ ակտիվ մասնակցելով համատեղ համերգների։  Հունիսի 1-ին՝  երեխաների միջազգային օրվա  առիթով Փասադենայի AGBU Վաչե և Թամար Մանուկյանների արվեստի կենտրոնում կատարվել է նրա «Իմ քաղաքը» երգը: Կոմպոզիտորի խոսքով, նման  համագործակցությունները հնարավորություն են տալիս կիրառել իր ստեղծագործական ներուժը երիտասարդ սերնդի կրթության եւ զարգացման նպատակով։  Համագործակցում է նաեւ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի   AGBU երգչախմբի հետ՝ դիրիժոր  Նեկտար Միրաքյան: Կողմ լինելով բազմազանությանը, այնուամենայնիվ, կոմպոզիտորը գտնում է, որ երաժշտությունն ունի ազգություն, եւ ունկնդիրը պետք է հասկանա, թե ինչ ազգություն ունի կոմպոզիտորը:

Հասմիկ Հարությունյանն ընդգծում է, որ մշակութային բազմազանությունն ու մարդկանց հետ անմիջական կապը, յուրաքանչյուր երգչախմբի, կատարողի, կազմակերպության հետ համագործակցությունը իր մոտ նոր գաղափարների ծնունդ են տալիս: Մեր զրուցակիցն իրեն հաջողակ մարդ է համարում: «Գնահատում եմ բոլոր հաջողությունները, որոնց հասել եմ իմ ստեղծագործ աշխատանքով»,-ասում է կոմպոզիտորը:

Հավելենք, որ Հասմիկ Հարությունյանը նաեւ ԱՄՆ-ի NACUSA-LA (National Association of Composers) Կոմպոզիտորների Ազգային Ասոցիացիայի,Աշխարհի բեմական արվեստների ասոցիացիայի (WAPA),  ԱՄՆ-ի Հայ-Ամերիկյան արվեստագետների ասոցիացիայի անդամ է, իսկ 2023թ․-ից ղեկավարում է ԱՄՆ-ի Հայ-Ամերիկյան արվեստագետների ասոցիացիայի  Կոմպոզիտորների միության մասնաճյուղը։ Ունի հրատարակված գրքեր, պատրաստում է եւս մեկը, որը երիտասարդ երաժիշտներին կօգնի կոմպոզիտորական արվեստում ձեռք բերել նոր հմտություններ եւ դրսեւորել ստեղծագործական մոտեցումները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30