«Հայաստանն ի սկզբանե չի միացել Հռչակագրին, այդտեղ ստորագրել-չստորագրելու հարց չկա։ Ի սկզբանե կամ երկիրը միանում է, կամ չի միանում»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ն ի վերջո ստորագրե՞լ, թե չի ստորագրել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ, այսպես պարզաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ տեղեկություններ են տարածվում, որ ի սկզբանե ՀՀ-ն ստորագրել է այս հռչակագիրը, հետո «հետ կանչել» ստորագրությունը։ Ըստ այդ տեղեկությունների՝ հռչակագրի նախնական տարբերակում ՀՀ-ն հիշատակվել է, բայց վերջնական տարբերակում ՀՀ-ի մասին հիշատակումը հանվել է։ Այսպիսի տեղեկատվություններ ակտիվորեն տարածվում են նաև ադրբեջանական մամուլում։
Aravot.am-ը, ԵԽ կայքում տեղադրված հռչակագրի տեքստին ծանոթանալով, նկատեց, որ դրան միացել են մի շարք երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Մոլդովան, Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։ Դրանց անունները նշված են հռչակագրի վերջին էջում ՝ ներքևում։ ՀՀ-ի անունը բացակայում է։
Հիշեցնենք՝ Նախարարների կոմիտեի` Լիտվայի նախագահության ներքո Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ՝ սեպտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ պետությունների արդարադատության նախարարները հռչակագիր են ընդունել, որում ուրվագծվում են մի շարք սկզբունքներ՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված արդարադատության և հաշվետվողականության կարևորագույն հարցերին:
Կարդացեք նաև
Նախարարները վերահաստատել են Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար արդյունավետ հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն ապահովել՝ պատասխանատվության ենթարկելով հանցագործության իրականցման պատասխանատուներին։ Հռչակագրի տեքստում ամրագրված է․ «Նախարարների ողջունում են Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ներդրումը Հիմնական խմբի շրջանակներում խորհրդակցություններին, որտեղ Խորհրդի հովանու ներքո տրիբունալի ստեղծումը հայտնվեց` որպես իրատեսական տարբերակ: Այս համատեքստում պետություններին և միջազգային կազմակերպություններին խրախուսվում է ակտիվորեն աջակցել և նպաստել Հիմնական խմբի շրջանակներում անցկացվող խորհրդակցություններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ