Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մտածում էի՝ շփոթվել են եւ Վահե Ղազարյանի փոխարեն ինձ են հրավիրել ծանր հանցագործությունների քննության վարչություն»

Սեպտեմբեր 07,2024 23:58

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՔԿ Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղազարյանն ասաց. «Քանի որ քննություն է ընթանում, ես կաշկանդվածություն ունեմ նախաքննական գաղտնիք հրապարակելու իմաստով: Բայց այն, ինչ իրավունք ունեմ ասելու, վերաբերում է նրան, որ ծանուցման մեջ նշված է, որ ես հրավիրվում եմ բանկային ապահովագրական անձնական բնույթի գաղտնիք հանդիսացող  տեղեկության հրապարակման հետ կապված վարույթի շրջանակներում որպես վկա:

Եթե ծանր հանցանք գործած լինեի, մեղադրյալ կլինեի: Մասնակի՞ց եմ եղել, մա՞ս եմ կազմել, ներկա՞ եմ եղել: Ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչ պետք է եղած լիներ: Առավել եւս իմ՝ օրինավոր, օրենքները հարգող քաղաքացու պարագայում:

Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդումների հերթական դրսեւորումն է եւ որեւէ բովանդակություն չկա: Պատասխանել եմ քննիչին հետաքրքրող բոլոր հարցերին, տրամադրել եմ անհրաժեշտ տեղեկություններ, որեւէ անհանգստություն չունեմ, որ կարող են այս գործում իմ դեմ շարունակական որեւէ գործողություն ձեռնարկել այն պարզ պատճառով, որ ես ինքս իրավախախտումներ թույլ չեմ տալիս, իմ բոլոր գործողությունները օրինական են: Ավելին, ուղղված են մեր երկրում օրինականության հաստատմանը եւ իրական հանցագործների, մեր երկրի իրական թշնամիների դեմ պայքարին:

Անկեղծ ասած, մի պահ մտածեցի, թե սխալվել են, պետք է հրավիրեին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին եւ ազգանունն է շփոթմունք առաջացրել: Դա էլ է հնարավոր, որովհետեւ քննչական կոմիտեում սխալներ առաջին անգամ չէ, որ թույլ են տալիս, սխալ մարդու են հրավիրում հարցաքննության:

Քրեական օրենսգիրքը դասակարգում է հանցագործությունները. ծանր հանցագործություններ, առանձնակի ծանր հանցագործություններ: Եվ այն հոդվածը, որով հես հրավիրվել եմ նախաքննության, ծանր հանցագործություն չի համարվում: Հետեւաբար, հարց է առաջանում. Եթե քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ ծանր հանցագործության կապակցությամբ, ապա ինչի՞ է դրա քննությունն իրականացվում Երեւան քաղաքի վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բայց կարծում եմ, որ իրավապահ մարմիններն էլ են հասկացել, որ ինձնից հեռու մնալը իրենց է օգուտ այն իմաստով, որ ինքս բոլոր իրավիճակներում ինձ դրսեւորում եմ որպես ՀՀ օրինավոր քաղաքացի, որ իմ պայքարն է օրինականությունը պահպանելը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30