«Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջեւ, եւ այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է մեր պետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավի, խոչընդոտի եւ կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը: «Հայաստանը ես եմ»-ը անհատական եւ խմբային պատասխանատվություն է»,- այսօր հայտարարեց «Աուդիտորների պալատի» նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Նաիրի Սարգսյանը:
Նաիրի Սարգսյանի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը երկար մշակված է եւ լայն քննարկումների արդյունք. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական եւ հոգեւոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը: Մեր սկզբունքներն են՝ արդարությունը, ռացիոնալիզմը, պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, հետեւողականությունն ու կիրառականությունը: Մեր նպատակներն են դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը, պայմաններ ստեղծել պետության անվտանգության եւ կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ եւ արժանապատիվ կյանքի համար»,- ասաց նա:
Նախաձեռնության խորհրդի անդամ, գործարար Սեպուհ Գազարյանի փոխանցմամբ՝ «Հայաստանը ես եմ» արտահայտությունը պետք է լինի բոլորի ուղեցույցը՝ ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի. «Հայաստանը ոչ միայն մեր հայրենիքն է, այլեւ մեր մեծ տունը: Մենք բոլորս պետք է ձգտենք պահել այս փոքրիկ, բայց հզոր հայրենիքը, որն աշխարհագրորեն շրջապատված է բազմաթիվ մարտահրավերներով: Հայրենիքը պետք է դառնա այն հիմքը, որը կաջակցի հայապահպանությանը, ոչ միայն կրթության եւ մշակույթի ոլորտներում, այլեւ գիտական, տնտեսական եւ գործարար կապերի զարգացման միջոցով: Այս բոլոր ուղղություններով հայրենիքը համահայկական ջանքերի կարիք ունի, որոնք կօգնեն ոչ միայն պահպանել, այլեւ ամրացնել եւ զարգացնել Հայաստանը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ