ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Տիկին դեսպանին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան: Լուսինե Աբրահամյանը տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նորանշանակ դեսպանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Կարդացեք նաև
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ