Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ հարազատ քաղաք․ իրավաբան-նկարչուհու ցուցահանդեսը՝ Գյումրիում

Սեպտեմբեր 07,2024 19:34

Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց ծննդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Լռության ձայն» խորագիրը։ Ցուցահանդեսին մեծ թվով մարդիկ էին մասնակցում․ պատկերասրահի բակում կանգնելու տեղ անգամ չկար․ արվեստագետներից, իրավաբաններից բացի ներկա էին նաև գործարարներ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը (ի դեպ, նկարչուհին նրա հարազատ քույրն է), Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը։

Նկարչուհին ծնվել է Գյումրիում, այնտեղ բնակվել է մինչև երկրաշարժը։ Երբ քաղաքը վերածվել է ավերակների, նա անչափահաս է եղել, լքել է Գյումրին՝ ծննդավայրի վառ պատկերը սրտում։

«Հարազատ քաղաքում ցուցահանդես անցկացնելու միտքը վաղուց էր ծնվել՝ դեռ մի քանի տարի առաջ։ Սա իմ թվով երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց պիտի անկեղծանամ ձեզ հետ ու ասեմ, որ ամենից շատ հենց այսօր եմ հուզվում։

Իմ ծննդավայր Գյումրիի հետ են կապված մանկությանս ամենաջերմ հուշերը։ Գյումրիում ապրել եմ մինչև երկրաշարժը, տեղափոխվեցի Երևան, երբ դեռ անչափահաս էի ու երբ ինձ համար այդքան հարազատ քաղաքը մի քանի րոպեում վերածվեց ավերակների։ Ես լքեցի քաղաքս ծանր սրտով, ու այդ զգացողությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հիմա վերադարձել եմ վերածնված Գյումրի՝ հարազատ քաղաքիս բերելով մի քիչ սեր ջերմություն, արևներ։

Ես սկսեցի նկարել բավական ուշ, երբ ասելիքս չէր տեղավորվում իմ ընտրած մասնագիտության շրջանակներում, երբ զգացմունքներիս ու հույզերիս արտահայտման ավելի հարմար միջոց չկարողացա գտնել։

Իմ գեղանկարների միջոցով փորձում եմ լսելի դարձնել լռության ձայնը, և այն փոքր- ինչ խլացնել դրական զգացողություններով»,-ասաց Մարինե Մանուկյանը։

Նախկին մարզպետ Արարատ Գոմցյանն էլ իր ելույթում ասաց, որ ինքն է բանակցել Ասլամազյանների հետ՝ նրանց հավաքածուն երկրաշարժից հետո ամբողջովին Գյումրի տեղափոխելու շուրջ՝ խոստանալով, որ գյումրեցիները պալատը կվերականգնեն, նոր շունչ կտան։ Այդպես էլ եղել է։

«Կարծում եմ՝ Մարինե Մանուկյանի և Գյումրու հայտնի նկարիչների, նկարչուհիների նման ցուցահանդեսներով այս փառահեղ պալատը նոր շունչ է ստանում։ Մասնակիցներին պատիվ է բերում ներկա լինել այստեղ, շնչել Գյումրվա օդը, շունչը, որը արվեստագետի շունչ է, արվեստագետի օդ է», -հպարտությամբ ասաց նախկին մարզպետը։

Մարինե Մանուկյանը ՀՀ նկարիչների միության անդամ է։ Ինչպես բնութագրեց ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նա շատ ակտիվ է, մասնակցում է բոլոր նախագծերին, ցուցահանդեսներին։

«Զարմանալի կարողության տեր է, ունենալով իր առաջին մասնագիտությունը բոլորիս հայտնի,  կարողանում է մեկտեղել, ժամանակ գտնել և ստեղծագործել», -ասաց նկարիչների միության նախագահը։

Նրա մեկնաբանմամբ՝ Մարինե Մանուկյանի պատկերած արևները նրա հոգու ու սրտի պատկերն են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30