Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Սա աստվածային ուժերի օժանդակությամբ թշնամուն հաղթելու լավագույն օրինակներից է. Միքայել Բադալյան

Սեպտեմբեր 07,2024 12:40

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Արարատի թագավորության միապետները ռազմական արշավանքներից առաջ նախ աղոթք-ուղերձ էին հղում աստվածներին: Այսպես, օրինակ Մենուա արքան աղոթք էր հղում ուրարտական տերության գերագույն աստված Խալդիին:

Արգիշթի Մենուայորդու և Սարդուրի Արգիշթորդու թողած սեպագիր տեքստերում ռազմական արշավանքներից առաջ վերջիններս աղոթք-ուղերձով դիմում էին Ուրարտուի դիցարանի գերագույն եռյակին և բիայնական մյուս աստվածներին:

Այս համատեքստում հիմնականում հաղորդվում է արքայի կողմից զորք հավաքագրելու և այնուհետև հիշատակվում է հետևյալ բանաձևը. «Աղոթեցի Խալդիին՝ տիրոջը, Թեյշեբային (տարերքի, եղանակի աստծուն), Շիուինիին (արևի աստծուն), բիայնական աստվածներին… աստվածները լսեցին ինձ»: Այնուհետև հաջորդում է արքայի կողմից այս կամ այն երկիրը նվաճելու մասին նկարագրությունները: Սարդուրի Արգիշթորդու թողած տեքստերում նաև նշվում է, որ աղոթք-ուղերձից հետո աստվածները վերջինիս համար ճանապարհ կամ արշավանք էին «իրագործում»:

Ըստ երևույթին, Արարատի երկրի արքաները ռազմական արշավանքներից առաջ աղոթք-ուղերձով դիմում էին աստվածներին և պատասխան ստանում վերջիններիս ներկայացնող պատգամաբեր քրմերի միջոցով: Այս երևույթը առկա է նաև Հին Մերձավոր Արևելքում: Ամենայն հավանականությամբ, գուշակության կամ նման միջոցով աստվածները հավանություն էին տալիս, որ այս կամ այն երկիր արշավելը և նվաճելը հաճո է իրենց: Իսկ երկրները նվաճելու գլխավոր խորհրդանշանը տերության գերագույն աստված Խալդիի ամենահաղթ նիզակն էր: Ըստ երևույթին, նվաճված երկրները, մեր անձնական դիտարկմամբ, կարելի է համարել «Խալդիի նիզակի տիրապետության տակ գտնվող տարածքներ»:
Հետաքրիր է, որ աղոթել բայարմատը ուրարտական սեպագիր արձանագրություններում վկայված է -խութ/տի(ա) ձևով և հիշեցնում է հայերեն աղոթ(ել) բայը: Հաշվի առնենք, որ ուրարտական սեպագիր համակարգի -ու ձայնավորը շատ դեպքերում իրականում կարող էր հնչել որպես -օ՝ օրինակ Տուշպա-Տոսպ և այլն:

Կից նկարում Վերին Անձավ հնավայրից գտնված վահանի հայտնի բեկորն է, որի վրա պատկերված է, թե ինչպես է Արարատի թագավորության զորքը իրենց աստվածների օգնությամբ ջախջախում ասորեստանյան բանակին: Ձախ կողմում պատկերված է աստվածների երթը, որտեղ առանձնանում է գերագույն եռյակը Խալդին՝ իր ամենահաղթ զիզակով, Թեյշեբան և Շիուինին, որոնց էլ հաջորդում են բիայնական մյուս աստվածները: Ուրարտական զորքի հաղթանակի համար օգնում են Խալդիի ամենահաղթ նիզակը, ինչպես նաև՝ առյուծն ու թռչունը: Սա աստվածային ուժերի օժանդակությամբ թշնամուն հաղթելու լավագույն օրինակներից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30