«Մենք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք»,- այսօր` «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ, իր խոսքում ասաց «Սրբազան» շարժման առաջնորդ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Սրբազանը հայտարարեց՝ մենք սերունդների պետք է կայուն խաղաղություն փոխանցենք` միաժամանակ սերունդներին պատրաստելով ապագային անորոշություններին ու նկատեց, որ կայուն խաղաղությունը ձեռք չի բերվում արդարության սկզբունքները ոտնահարելով, կարմիր գծերը ջնջելով, միակողմանի եւ անվերջ զիջումներով, հարկադրանքով. «Սրանք բոլորն իրական պատերազմի հիմքեր են»: Սրբազանի պատկերացմամբ, կայուն խաղաղության ճանապարհը կառուցվում եւ ամրապնդվում է բանակցություններով ու փոխադարձ հարգանքով. «Մենք կարող ենք եւ պետք է պատրաստ լինենք դրան»:
Այդ ճանապարհին, ըստ նրա, հայոց բանակը պետք է լինի հայության եւ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, Բաքվում գերեվարված մեր հայրենակիցները, այդ թվում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պետք է վերադառնան, արցախցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր՝ արցախյան խնդիրը պետք է օրակարգում լինին. «Մենք լծված ենք այս բոլորն իրականացնելուն»:
Բացի այդ, մեր ներքին կյանքում պետք է վերացվեն հանրության ներսում իշխանությունների կողմից ստեղծված պետության, հասարակության, Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած բոլոր գծերը: Մենք կարող ենք ունենալ ներքին համախմբումը՝ ամբողջական ուժերով: Նախկիններ-ներկաներ, նախկիններ-ավելի ներկաներ բանավեճը պետք է իսպառ վերանա, Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, ՀՀ-ն պետք է ունենա լեգիտիմ իշխանություն:
Կարդացեք նաև
Արտաքին աշխարհին նախատեսված ուղերձն է՝ ՀՀ-ն հակա-ների քաղաքականությունից պետք է հրաժարվի, գերտերությունների, պետությունների շահերը Հայաստանում պետք է համադրվեն, ոչ թե հակադրվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ