Դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով, քանի որ ՀՀ իշխանությունները լծվել են օտարների շահը սպասարկելու գործին, անիմաստ է ակնկալել, որ տարբեր քննարկումներով, հայտարարություններով, բացատրություններով, հնարավոր է նրան բերել ռացիոնալ դաշտ: Բայց հանրային նման միջոցառումները նա ճիշտ է համարում՝ հասարակությանը որոշ ուղերձներ հասցնելու տեսանկյունից: Հանրային մասնակցությունն իրենց ճիշտ քայլերի մղելու անարդյունք գործընթաց է:
Այսօր, «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում նա նկատեց՝ իշխանությունը վախի մթնոլորտ սերմանելով՝ հանրությանը հպատակության եւ ստրկամտության քարոզ է իրականացնում՝ ջլատելով հենց հանրությանը, թե ինչ-որ գերտերություններ դրսում որոշել են, մենք այլ ելք չունենք. «Այդ կեղծիքները, սուտը, հանրությանը բացատրելը, շատ էական է: Հանրությունը պետք է հասկանա՝ իրեն օգտագործում են օտարի շահը սպասարկելու համար»:
Ձյունիկ Աղաջանյանի պնդմամբ, Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց կիզակետային դիրքում է գտնվում եւ ճիշտ վարվող քաղաքականության պարագայում կարող է դեր ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի մակարդակով կայունություն ապահովելու համար:
Բանախոսը նաեւ գտնում է, որ հոկտեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ի դերն ու նշանակությունը ուռճացված է: Ասում է՝ Հայաստանը զիջել է դիրքերը՝ հնարավորություն տալով, որպեսզի Բաքվում կայանա այդ բնապահպանական միջոցառումը՝ գերիներին ազատ արձակելու դիմաց, այդպիսով քաղաքականացրել է այն: Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դրան՝ մասնագիտական, բնապահպանական մակարդակում թույլ չտալով, որ ընդունվելիք բանաձեւում Հայաստանին սպառնացող ձեւակերպումներ ներառվեն. «Քաղաքական մակարդակով մասնակցությունը չպետք է լինի»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ