Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Երեւանում ՀԱԵ Արցախի թեմին գրասենյակ են տրամադրել, եւ արցախահայերը պարբերաբար հավաքվում են գրասենյակում՝ քննարկումներ, միջոցառումներ են անում։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:
– Սրբազան, ո՞վ է տրամադրել գրասենյակը։
– Գրասենյակ չեն տրամադրել, վարձակալությամբ ենք վերցնել, իսկ աշխատողները հասարակական հիմունքներով են աշխատում՝ մեր թեմի ատենապետն է, թեմական խորհրդի անդամները, Արցախի թեմի երիտասարդներն են։ Որ ասեմ աշխատանքային միջավայր է` ոչ, հասարակական հիմունքներով է մեզ մոտ։
– Դուք ասել եք, որ ուզում եք հիմնադրամ ստեղծել, որպեսզի հնարավորություն ունենաք նաեւ իրավական հարցերով զբաղվել։ Կներկայացնե՞ք, թե ինչ հիմնադրամ է։
Կարդացեք նաև
– Դա նույն թեմի առաքելությունն է, քանի որ մենք Հայաստանում չենք կարող Արցախի թեմ բացել նորից, հիմնադրամ ենք ստեղծում, որպեսզի ունենա իր կնիքը, կարողանանք ինչ-որ հարցեր լուծել՝ իրավական հարթակի վրա կլինի, պայմանագրեր ստորագրել կլինի՝ տարբեր ձեւաչափերով, ունենանք համապատասխան գրանցում։ Որ ե՛ւ պետությունը կարողանա իր վերահսկողությունն ունենալ, ե՛ւ դու կարողանաս նորմալ աշխատանքներ կատարել։
– Իսկ արցախցիների հետ կապը կարողացե՞լ եք պահել։
– Փորձում ենք, ինչքան կարողանում ենք` մեր թեմակալ առաջնորդների հետ, պետական իշխանությունների հետ` մարզային, համայնքային: Որքան կարողանում ենք, տեղեկություն ենք հավաքում, խնդրում ենք մեր թեմական առաջնորդներին, հավաքվում ենք այս կամ այն եկեղեցում, հանդիպումներ ենք ունենում իրենց հետ, եւ կարծում եմ՝ այս գրասենյակի ստեղծումով իրենք էլ կսկսեն այցելել։ Մենք կշարունակենք մեր հանդիպումների շարքն այն մարզերում, որտեղ չենք հասցրել լինել, եւ կարծում եմ՝ մինչեւ դեկտեմբեր մեր աչքի առաջ կունենանք այն ամենը, ինչի մասին մտածել ենք, եւ թե ինչպես դա պետք է տեղի ունենա, եւ ինչ հարցադրումներ կան, ինչպիսի պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը։ Եվ քանի որ շարժը մեծ է իրենց՝ գյուղից գյուղ են գնում, գյուղից՝ քաղաք, դրա համար էլ լիարժեք պատկերն այդպես տեսանելի չէ մեզ համար։
– Արցախցիների մոտ նեղացածության զգացում չկա՞ ՀՀ իշխանություններից։ Երբեմն ասում են՝ մայր Հայաստանն ինչպե՞ս իր զավակին մենակ թողեց։
– Գիտեք, միշտ իրենց ասում են, որ հայրենիքը, Հայաստանն իր ամբողջ գոյության ընթացքում մշտապես եղել է Արցախի կողքին, նույնպես մեր մայր եկեղեցին է մշտապես եղել Արցախի կողքին՝ անկախ ամեն ինչից՝ պատերազմ է եղել, շրջափակում, թե անգամ ծանր երկրաշարժի տարիներին Հայաստանը ձեռք է մեկնել Արցախին։ Արցախցիները դա շատ լավ գիտեն, եւ պատկերացումներն իրենց չի փոխվել հայաստանցի իրենց քույրերի եւ եղբայրների նկատմամբ։ Ջերմությունն իրենք զգում են եւ տեսնում են միանշանակ։ Բայց տեղի ունեցող երեւույթներից` իրավական եւ փաստաթղթային, որ ձգվում են, պետությունը, անշուշտ, անում է ամեն ինչ, որպեսզի օգնի սոցիալական փաթեթով, բայց, այդուհանդերձ, արդարության աչքերին պետք է նայել՝ ավելին էր պետք անել։ Ավելին, որովհետեւ ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունները պետք է հենց Հակարի կամրջից համայնք առ համայնք տեղափոխեին տարբեր տեղեր, որպեսզի Արցախը չկորցներ համայնքային ինքնությունը։ Ամբողջը խառնվեց, քաոսի վերածվեց, եւ մենք շատ բան կորցրինք՝ այդ համայնքային, քաղաքային միասնությունը, այդ կոլորիտը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում