Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով․ «Փաստ»

Սեպտեմբեր 07,2024 11:10

«Լույս» հիմնադրամը տնտեսության ճյուղերում նկատվող այս գործընթացի մասին հատուկ վերլուծություն է ներկայացրել՝ ի մասնավորի արձանագրելով, ու աճի տեմպերի դանդաղումն ազդում է նաև պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների վրա։ Ուստի, այս հանգամանքով է պայմանավորված, որ պետբյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային։ Պակասուրդի չափը էական գումար է կազմել՝ 58 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Այս ամենին զուգահեռ, բիզնեսի զարգացումը խթանելու ու աճի նոր ազդակներ հաղորդելու փոխարեն կառավարությունը հընթացս նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նպատակը բիզնեսին նոր հարկային պարտավորություններով խեղդելն ու ամեն գնով դեպի պետբյուջե գումարների ներհոսք ապահովելն է։ Իսկ բիզնեսի համար հարկային բեռի ավելացումն իր հերթին հանգեցնում է թանկացումների, քանի որ տնտեսվարողները շահույթից չզրկվելու համար բարձրացնում են գները։ Թանկացումներն էլ առաջին հերթին հարվածում են սպառողի գրպանին։

Տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև շուկայում առկա ապրանքների թանկացումները, հատկապես՝ էներգակիրների։ Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Միայն հուլիսի ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3 %-ով։ Մեր երկրում թանկացումները շատ հաճախ տեղի են ունենում անհարկի ու չեն արտացոլում միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ հնարավոր է հակաշուկայական գների ձևավորում։ Օրինակ՝ միջազգային շուկայում կարող է էներգակիրների գները որոշակի իջնեն, սակայն Հայաստանում բարձրանան։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ հատուկ պայմաններ են ստեղծվում, որ որոշ տնտեսվարողներ ուղղակի գերշահույթներ ստանան։ Բացի այդ, աննախադեպ թանկ են պտուղբանջարեղենի գներն այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է։ Ու քաղաքացիները դժվարություններ են ունենում իրենց սպառողական զամբյուղն ապահովելու հարցում, քանի որ նրանց եկամուտները հիմնականում նույնն են մնացել։

Բայց մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Պետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից նոր վարկային պարտավորություններ վերցնել իր վրա։ Արդեն այս տարվա հունիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 12,2 մլրդ դոլար, որից 6,3 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 5,9 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը: Ըստ էության, բյուջեի պակասուրդն իշխանությունները փորձում են լցնել դրսից ստացված վարկերի հաշվին, որը ծանր բեռ է դառնալու պետության համար արդեն հետագայում։ Բնական է, որ վարկերի տոկոսները Հայաստանը պետք է վերադարձնի հիմնականում արտարժույթով։ Բայց Հայաստանի միջազգային համախառն պահուստները ևս նվազում են՝ կրճատվելով տարեկան 17,3 %-ով կամ 715 մլն դոլարով, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,3 % կամ 580 մլն դոլարի աճ:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30